Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն այսօր ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Նաիրի» բկ-ի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը:

«Նա այսօր Հեմատոլոգիայի ինստիտուտից տեղափոխվել է մեզ մոտ ու հիմա ծայրահեղ ծանր վիճակում է: Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ և արդեն գլխուղեղում արյունազեղում կա: Սուր լեյկոզն այնպիսի հիվանդություն է, որ պարտադիր չէ դրան ինչ-որ դեպք նախորդած լինի: Չենք կարող ասել նա այդ վիճակից դուրս կգա, թե ոչ»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ավտովթարի են ենթարկվել շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Սակայն Սիրանուշ Մարտիրոսյանը նշեց, որ Մ. Սաղաթելյանի ներկայիս վիճակը, հավանաբար, կապ չունի հետևյալ վթարի հետ: