«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որն ըստ որոշ հասարակական և քաղաքական գործիչների՝ նպատակ ունի այլասերություն տարածել, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կփորձի փոփոխել։
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով առաջացած մտահոգությունները' ինքն արդեն իսկ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը՝ առաջարկելով հանել «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» եզրույթը, ինչի շուրջ էլ հենց առաջացել էր աղմուկը:
«Մայիսին խորհրդարանն ընդունեց տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին օրենքի նախագիծը, որի երրորդ դրույթը շատ մեծ աղմուկ է առաջացրել հասարակության շրջանակներում, սոցցանցերում։ Ինքս՝ որպես պատգամավոր, ընդունում եմ մտահոգությունները, որ կան երրորդ կետի վերաբերյալ՝ սեռի ձևակերպման հետ կապված։ «Սեռ» եզրույթն այս նախագծով համարվել է ձեռքբերովի վարք, որը բացարձակապես անընդունելի է»,- ասաց նա։
Նշենք, որ տվյալ դրույթում նշված է. 1) գենդեր, գենդերային' տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ' քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը։
ԲՀԿ պատգամավորը ամեն դեպքում ընդունում է նաև իրենց՝ պատգամավորների մեղքը, որ անտեսել են տվյալ դրույթը և կողմ քվեարկել։
«Ընդունում եմ նաև մեր մեղքը, որ վերջնական ընթերցման ռեժիմում ուշադիր չենք եղել և նման դրույթ է սպրդել օրենքի նախագծում: Ասեմ, որ օրենքի հեղինակներ են կառավարությունը և ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը։ Կարծում եմ, որ այդ դրույթը, այսպես ասած, «սղացրել է» կառավարությունը, ոչ թե՝ պատգամավորները»,-ասաց նա և ավելացրեց, որ ինքն էլ կփորձի ուղղել սխալը։
«Ես արդեն իսկ պաշտոնապես ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ և առաջարկել, որ «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» եզրույթը ամբողջությամբ հանվի։ Ես հույս ունեմ, որ սեպտեմբերի առաջին շրջանում իմ գործընկերները կպաշտպանեն այս առաջարկը, և այդ դրույթը, որն այդքան մտահոգությունների և խոսակցությունների տեղիք տվեց, ամբողջությամբ կհանվի»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ օրենքը կրկին լրամշակման կարիք ունի, և, բացի այդ, ինքը կառաջարկի, որպեսզի սեպտեմբերին այս օրինագծի շուրջ կազմակերպեն խորհրդարանական լսումներ։
«Երեկ արդեն իսկ հանդիպել եմ այդ հարցով մտահոգ մի քանի ՀԿ-ների հետ, իրենց առաջարկել եմ առանձնացնել մտահոգությունը օրենքի հետ կապված և սեպտեմբերին կարծում եմ կկազմակերպենք լսումներ՝ օրենքը պատշաճ տեսքի բերելու համար»,- ասաց նա։
Ամեն դեպքում, ըստ ԲՀԿ պատգամավորի՝ օրենքի դրական նպատակ է հետապնդում։ «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ տալ բոլոր ոլորտներում՝ աշխատանք, ուսում։ Այո՛, նման ձևակերպումները ուղղակիորեն խեղաթյուրեցին այն ճիշտ, բարի, գրագետ նպատակը, որը դրված էր օրենքի նախագծում»,- եզրափակեց նա։