Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում:
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը:
Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: