Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, նոր սկանդալային տեղեկություններ են տարածվել' կապված նախագահական ընտրություններին մասնակցության եւ արդյունքների հետ: Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն' Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մարդահամարի տվյալներով ապրում է 23 բնակիչ, սակայն փետրվարի 18-ի ընտրությունների օրը գյուղն «ունեցել է» 55 ընտրող: Ավելին, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, այդ համայնքում ընտրություններին մասնակցել է 52 հոգի, և բոլորն էլ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին:
Ինչպե՞ս է ստացվել, որ 23 բնակիչ ունեցող գյուղում 52-ը «ընտրեցին» Սերժ Սարգսյանին: ԳԱԼԱ-ն պարզաբանումներ է ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կատարվածը մեկնաբանել է այսպես. «Այդ համայնքում բնակվել են եզդի ընտանիքներ, որոնք նախկինում գրանցում չեն ունեցել եւ Վերին Շորժա համայնքում գրանցում չեն ունեցել, սակայն հետո գրանցվել են, իսկ մարդահամարի տվյալներով այդ ժամանակ չեն եղել»:
Արմեն Սմբատյանը նաեւ հավելել է. «Վիճակագրական տվյալները ունենում են իրենց հաշվառման մեթոդիկան, սխալանքի տոկոսը, պետք է հաշվի առնել, որ այդ վիճակագրական տվյալները հավաքվել են 2011 թվականի աշնանը, եւ դա համեմատվում է փաստացի բացարձակ թվի հետ, որը որ հրապարակված է եղել առնվազն երկու եղանակով' տեղամասում փակցված եղանակով եւ համացանցում տեղադրելով, եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունեցել ներբեռնել այդ տվյալները' գտնելու գեթ մեկ քաղաքացի, որը հաշվառված չէ այդ բնակավայրում, սակայն ընդգրկված է ընտրողների ցուցակում, հնարավոր է ներքին համայնքային շարժեր, ամեն ինչ հնարավոր է եւ համեմատել վիճակագրական տվյալները, որոնք ունեն իրենք եւ հավաքագրման ու օգտագործման մեթոդիկան բացարձակապես այն թվի հետ, որը հրապարակված է եղել, եւ յուրաքանչյուր ոք կարողացել է դրանք նայել, անտրամաբանական է»:
Ստացվում է' գյուղում ներգաղթ է եղել, եւ բնակչության թիվը ավելացե՞լ է. մեր այս հարցին ԿԸՀ քարտուղարը պատասխանել է.
«Այդ պահին փաստացի բնակչության թվի մասին է, որը իրականացվել է 2011 թվականի աշնանը, իսկ ընտրությունները անցկացվել են 2013 թվականի փետրվարին' անգամ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված սպեցիֆիկ ամիսներ կան, որ քիչ բնակչություն է լինում, քան ձմռանը»:
Քաղաքական գործիչները մեղադրում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին' նշելով, որ ինքն է «նկարել» թվերը հօգուտ Սերժ Սարգսյանի: Այս առնչությամբ Ա. Սմբատյանը ասել է.
«Նախ ասեմ, որ ոչ մի քաղաքական գործչի չի գեղեցկացնում, որ իր կարծիքը հայտնելուն զուգորդում է մեղադրանքներ եւ վիրավորանքներ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք հայտնել, բայց վիրավորական խոսքերով համեմելը չի օգնում նորմալ երկիր կերտելուն, այն ոչինչ չի տալիս: Եթե անգամ մի համայնքում տեղի է ունեցել ընտրախախտում, դա ինչ-որ մեկի անձնական խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, այդ թվում' այն քաղաքական ուժերի, որոնց ներկայացուցիչներն են համարվում ընդդիմադիր քաղաքական գործիչները: Չպետք է մեռանալ, որ ընտրատեղամասերի 8 անդամներից 4-ը նշանակվում են ԱԺ այն 4 խմբակցությունները, որոնք ոչ իշխանական են եւ չպետք է մոռանալ, որ ընդդիմադիր թեկնածուները ունենում են վստահված անձինք տեղամասերում, իսկ ինչո՞վ են զբաղվում նրանք, իսկ ո՞վ է ասում, որ նրանք պատասխանատվություն չեն կիսում ընտրություններում եւ հատկապես ընտրատեղամասերում, օրենքն էլ հենց դրան է ուղղված, որ պատասխանատվություն կիսի: Այդ տեղամասերում ստորագրել են հանձնաժողովի անդամները, արձանագրությունները եւ վերահաշվարկների դիմումներ չեն ստացվել: Ո՞ւր էին այդ անձինք, եթե այնտեղ ընտրախախտում էր տեղի ունենում, դա իհարկե տեսական է: իսկ եղել է, թե՞ ոչ, ԿԸՀ-ն չի կարող տիրապետել 2 հազար տեղամասի ամեն մի փաստի, մենք որոշում ենք կայացնում' մեր ձեռքի տակ եղած փաստերով եւ մանրամասն ուսումնասիրվում է ամեն մի տեղամասի գործառնության մատյանը, թե այնտեղ ինչ գրառումներ կամ խախտումների կան»:
Մանրամասները' այստեղ:
Փայլակ Ֆահրադյան