ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք Հայաստանը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած,որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է:
Երբեք մեր Անկախ պետականությունը այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է:
Չեմ հիշում, որ երբեւէ ընտրական որեւ տեղամասում քվեարկած լինեին ընտրողների առնվազն 225 տոկոսը եւ այդ առնվազն 225 տոկոսն էլ միաձայն իրենց քվեն տված լինեին գործող նախագահին, ինչպես դա եղավ վերջին նախագահականի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում /եւ ոչ միայն այդ տեղամասում/:
Չեմ հիշում, որ երբեւէ մենք' հայրենի ընդդիմությունն այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է:
ԵՒ ԵՐԲԵՔ ՕՐ ԱՌԱՋ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՀՐԱՏԱՊ ՉԻ ԵՂԵԼ, ԻՆՉՔԱՆ ԱՅՍՕՐ Է:

Պետականության գահավիժումը կասեցնելու երկու տարբերակ եմ տեսնում
ա. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, /նրանց կարող են միանալ նաեւ ոչ խորհրդարանական քաղաքական եւ քաղաքացիական միավորները/, ձեւավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ եւ այն ներկայացնում են իշխանություններին' համատեղ այն իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որեւէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը /իսկ Հայաստանին նետված ներքին եւ որտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն/, ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են'
բ. մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները եւ միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը եւ դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ եւ դրանով իսկ' վերահսկելի:
Համոզված եմ, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը անկեղծորեն իրենց առաջնորդներով եւ հիմնական թիմակազմերով կողք-կողքի կանգնեն /կարծում եմ նրանց կմիանան նաեւ ոչ խորհրդարանական ուժերը/, ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի եւ առաջիկա ամիսների հարց»: