Մամուլում Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ Քննչական Ծառայության պետ Վ. Շահինյանին հասցեագրված բաց նամակ է հրապարակվել, որի հեղինակը նշում է, որ արդեն 40 օր է անցել այն բանից հետո, երբ ինքը իր նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, բայց, ինչպես պնդում է նամակագիրը, մինչ օրս ոչ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու և ոչ իրեն իբրև տուժող ճանաչելու մասին որոշում չկա:
Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք ՀՀ Գլխավոր Դատախազություն, որտեղից հաստատեցին, որ տուժողից դիմում ստացել են հուլիսի 30-ին, որից հետո, ըստ քննչական պատկանելության քննության առնելու համար, այն ուղարկել են Ոստիկաության Էրեբունու բաժին:
Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու մասին «Փաստինֆո»-ի հարցին, դատախազությունից հայտնեցին, որ մամուլում ճիշտ չի ներկայացվել և որ ոստիկանությունում դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է դեռևս հուլիսի 22-ին, ՀՀ Քր օր-ի 139-րդ հոդվածի հատկանիշներով, այն է' սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը:
Նշենք, որ 1in.am-ում հրապարակված բաց նամակում անանուն նամակագիրը նշում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հունիսի 15-ին: Իսկ հաղորդման առիթ է հանդիսացել հունիսի 14-ի գիշերը ոմն Աշոտ Փիլոսյանի կողմից իր նկատմամբ կատարված սեռական բռնությունը' բռնաբարության փորձը: Դիմումատուի ներկայացմամբ, բռնաբարությունը Փիլոսյանը ավարտին չէր հասցրել, քանի որ սկսվել էր իր ամսականը, ինչի մասին տեղեկանալով նշված անձը դիմել է սեռական բնույթի այլ գործողությունների։