Օրերս ինձ տեղեկություններ հասան մի դեպքի մասին, որի համաձայն, իրեն թրաֆիքինգի (աշխատանքային կամ սեռական շահագործման) ենթարկելու առնչությամբ հանցագործության մասին հաղորդում տված Հայաստանի բնակչուհիներից մեկը հայտնվել է շվարած, անորոշ վիճակում, ծանր երկմտանքի մեջ: Ինչո՞ւ…

 

Իր կողմից մեղադրվող անձի զավակից ստանալով հանցագործության մասին հիշյալ հաղորդումը հետ վերցնելու կամ այդ հաղորդումից, ցուցմունքից հրաժարվելու խնդրանք, հորդորներ, հաղորդում տված անձը չի ենթարկվել իրեն համոզելու համառ փորձերին, ինչից հետո լսել է սպառնալից ակնարկներ:

 

Թրաֆիքինգի ենթարկված (ըստ իր հաղորդման) կինը դիմել է գործը քննող քննիչին, պատմել այս մասին, խնդրել իր անվտանգությունն ապահովելու միջոցներ ձեռնարկել: Վերջինս, սակայն, ասել է' հո ոստիկաններ չե՞մ կանգնեցնելու ձեր դռան մոտ, ապա հանգստացրել է, որ իր նկատմամբ այդ մարդիկ ոչ մի բան էլ չեն անի: Սպառնալից ակնարկներից ահաբեկված կինը նրանից խնդրել է այդ դեպքում իրեն մի գրություն տալ, որով քննիչը կերաշխավորի, որ տվյալ անձի (ում նկատմամբ հաղորդում է ներկայացրել) կամ նրա մերձավորների կողմից իր նկատմամբ մահափորձ կամ որևէ բռնություն չի կիրառվի, սակայն քննիչն ասել է, որ ինքն իրավունք չունի այդպիսի փաստաթուղթ տալու:

 

Քննիչն, այո, իրավունք չուներ այդպիսի փաստաթուղթ տալու, քանի որ օրենսդրությամբ հասկանալի պատճառով չունի այդպիսի լիազորություն կամ պարտականություն: Ոչ նա, ոչ որևէ այլ անձ ցանկության դեպքում էլ չեն կարող որևէ մեկի անվտանգությունը 100 տոկոսով ապահովել (նույնիսկ ՀՀ նախագահի անվտանգությունը 100 տոկոսով ապահովված չէ), հետևաբար և անձին գրավոր կերպով երաշխիք տալ, որ նրա անվտանգությունն ապահովված է: Սակայն քննիչը կամ քրեական վարույթն իրականացնող մարմինն այս դեպքում, առավել ևս, որ իրազեկված էր անձի' սպառնալից ակնարկներ ստանալու մասին, եթե չասեմ պարտավոր էր, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող էր որոշում կայացնել անձի պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

 

Պաշտպանության միջոց ձեռնարկելու որոշում չկայացնելը նշանակում է, որ քննիչը (քրեական վարույթն իրականացնող մարմինը) չի համարել, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի: Այդպես վարվելը նույնպես քննիչի իրավունքն է, սակայն եթե հանցագործության մասին հաղորդում տված անձի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն կատարվի, ապա պատասխանատուն լինելու է պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշում չկայացնողը: Քննիչն է լինելու պատասխանատուն նաև այն դեպքում, եթե հանցագործության մասին հաղորդում տված անձը, ցուցմունք տված վկան, վախենալով ահաբեկումից, իր դեմ ինչ-որ քայլերից, հրաժարվի իր հաղորդումից, ցուցմունքից, իրավապահ մարմնի հետ համագործակցելուց, ու դրա պատճառով նրա հաղորդման մեջ նշված հանցանքի բացահայտումը կամ ապացուցումը հնարավոր չլինի, ձախողվի: Ո՞ւմ է ձեռնտու սա…

 

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում 2007թ. ներմուծվեց վկայի և ընդհանրապես քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության ինստիտուտը, որը քաղաքակիրթ երկրներում կար վաղուց։ Անցած ժամանակաընթացքում, սակայն, մեր երկրում նախաքննություն և, ընդհանրապես, քրեական վարույթ իրականացնող բոլոր մարմինների կողմից հիշյալ անձանց պետական պաշտպանության տակ վերցնելու օրենքի ընձեռած այդ հնարավորությունը գրեթե չի կիրառվել, հատկապես, երբ խոսքը հանցագործության մասին հաղորդում տված անձանց և վկաների մասին է։

 

Պաշտպանության միջոցներ գրեթե չկիրառելու պատճառը և՛ պաշտպանության միջոցների կիրառման համար մի շարք դեպքերում անհրաժեշտ ֆինանսական միջոցների անբավարարությունն է կամ դրանք չծախսելու, տնտեսելու միտումը, և՛ քննիչների անտարբերությունը պաշտպանության կարիք ունեցող անձի պաշտպանության նկատմամբ, և՛, բացառված չէ, որոշ դեպքերում էլ շահագրգիռ անտարբերությունը, երբ պաշտպանության միջոցներ չեն ձեռնարկվում այն միտումով, որ հանցագործության մասին հաղորդում տված անձը, վկան վախենան, հրաժարվեն իրենց հաղորդումից, բողոքից, ցուցմունքից, այլևս ցուցմունք չտան, ձեռք բերված տվյալները բավարար չլինեն քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար, ու գործը կարճվի…

 

Պաշտպանության միջոցների կիրառման սակավության հարցում, անշուշտ, իր դերակատարությունն ունի նաև մեր հասարակության ցածր իրավագիտակցությունը, իր իրավունքներին գրեթե տեղյակ չլինելը:

 

Մինչդեռ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք»: Ընդ որում, տվյալ պարագայում «մերձավոր» համարվում է այն անձը (անկախ արյունակցական կապի առկայությունից), որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմել է քր. վարույթն իրականացնող մարմին։

 

Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քր. վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է քննարկել անհապաղ, համենայն դեպս, դիմումը ստանալու պահից առավելագույնը 24 ժամվա ընթացքում։ Նշված վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է նաև որոշման մասին անմիջապես հայտնել դիմողին, և նրան ուղարկել համապատասխան որոշման պատճենը։ Եթե որոշում է կայացվել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմումատուն իրավունք ունի որոշման պատճենը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, այն բողոքարկել Քր. դատ.օր.-ով սահմանված կարգով։ Ի դեպ, պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:

 

Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշումը ենթակա է անհապաղ կիրառման։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձն իրոք ունի պաշտպանության կարիք, վերջինիս դիմումի հիման վրա կամ իր իսկ նախաձեռնությամբ (նույնիսկ առանց դիմումի առկայության) պարտավոր է կայացնել նշված որոշումը։

 

Օրենսդիրի նախատեսած պաշտպանության միջոցների «զինանոցը» շատ հարուստ է։ Այն բավարար հնարավորություն տալիս է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանելու, խնդիրը միայն այն է, որ այդ միջոցները գործնականում կիրառվեն։ Պաշտպանության միջոցներից են, օրինակ, պաշտոնապես նախազգուշացնելն այն անձին, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում։

 

Օրենսգրքում կան նաև, մեր կարծիքով, ավելի արդյունավետ միջոցներ. քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, օրինակ, կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կարող է փոխվել հենց տվյալ անձի արտաքինը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությամբ, իհարկե, պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ։

 

Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, փոփոխի այն, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդության կամ համաձայնության դեպքում պարտավոր է օգնել նրան՝ տեղավորվելու նոր աշխատանքի, ծառայությունը կամ ուսումը շարունակելու այլ վայրում։
Օրենսգիրքը նախատեսում է նաև պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր՝ նրա գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ տվյալ անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով։

 

Ավելին՝ քր. վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումով կամ համաձայնությամբ, համապատասխան կարգով, պարտավոր է իրականացնել նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում, ընդ որում, դրա ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում։

 

ՀՀ քր.դատ. օր.-ի 98 պրիմ 1 հոդվածի համաձայն, պաշտպանության միջոցներ են հանդիսանում նաև պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և սպասվող վտանգի մասին հայտնելը, պաշտպանվող անձի' քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը, պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը և այլն: Մասնավորապես, վերջին երկու միջոցների առումով, քրեական վարույթն իրականացնող մարմինը համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը: Ավելին՝ պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորվում են հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխվում են նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պետական համարանիշերը:

 

Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ:

 

Քրեական վարույթ իրականացնող մարմինները միայն նախաքննության մարմինները չեն, այլև դատարանը։ Վերջինիս կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ։ Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել նաև դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո։

 

Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը։ Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ։ Վերջում մի հարցի անկեղծ պատասխան' ձեզանից քանի՞սը գիտեին այս ամենի մասին:

Արթուր Հովհաննիսյան