Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: