ՀՀ ոստիկանությունն այսօր նոր մանրամասներ է հրապարակել Վանաձորում բացահայտված երեխայի առուվաճառքի գործի մասին։

Այսպես, ըստ տարածված հաղորդագրության, «Օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 33-ամյա մի կին: Լիոն քաղաքում բնակություն հաստատած երիտասարդ կինը ժամանակավորապես է Հայաստանում, գործի բերումով. շուրջ երկու տարի է, ինչ որպես Ֆրանսիայի քաղաքացիների անունից լիազորված անձ ՀՀ-ում զբաղվում է երեխաների որդեգրման հարցերով: Ֆրանսիայի քաղաքացուհին իրավապահներին պատմում է, թե երեխայի որդեգրման նպատակով ծանոթացել է Աշտարակ քաղաքում ապրող ոմն Գեղեցիկի հետ, որը խոստացել է, այսպես ասած, օգնել: Մանրամասնենք. տիկին Գեղեցիկն առաջարկում է 15 հազար ԱՄՆ դոլարով գնել իր մի ծանոթի 4 տարեկան աղջկան: Ֆրանսիայի քաղաքացուհին էլ, դրական արձագանքելով առաջարկին, այնուամենայնիվ, որպես օրինապաշտ քաղաքացի շտապում է նախապատրաստվող հանցագործության մասին հայտնել ոստիկաններին:

Ոստիկանության ՔՀԳ վարչությունն անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ է սկսում: Անլուր հսկողության տակ են վերցվում թե՛ Աշտարակի բնակչուհին, թե՛ նրա հնարավոր կապերը:

Արագ իրականացված բազմաբնույթ ստուգումներ, օպերատիվ, գաղտնի հարցումներ, հետախուզական տարբեր միջոցառումներ, և պարզվում է, որ ոմն Գեղեցիկը 52 ամյա Գեղեցիկ Վարդանյանն է, որն արդեն իսկ 2009-ին դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման' երեխայի առուվաճառքի համար, և 2011թ. պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

Օպերատիվ աշխատակիցները արագ պարզում են նաև, թե հատկապես ում էր պատրաստվում է վաճառել տիկին Գեղեցիկը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ի հայտ են գալիս նաև այլ մասնակիցներ:

Երբ նախապատրաստվող հանցագործության հնարավոր բոլոր մանրամասները ճշգրտված էին, ՔՀԳՎ աշխատակիցները պլանավորում են բուն օպերացիան ու անհրաժեշտ միջոցներ ձեռք առնում:

Ֆրանսիայի քաղաքացին և աշտարակցի Գեղեցիկը գործարքը պիտի գլուխ բերեին օգոստոսի 5-ին: Այն տեղի էր ունենալու Վանաձոր քաղաքում:

Գեղեցիկի «թիմի» և գնորդի հանդիպումը տեսահսկվում էր սկզբից մինչև վերջ, բոլոր կողմերից: Մուտք-ելք մարզպետարան, հանդիպում-բանակցություններ, իհարկե' գումարի փոխանցում և, ոստիկանների կողմից նախապես պլանավորած, իսկ երեխայի առուվաճառքն իրականացնողների համար անակնկալ մերկացում' հանցագործության պահին:

Օգոստոսի 5-ին ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ գործողության արդյունքում Վանաձոր քաղաքի նոտարական գրասենյակի տարածքից, երեխայի առուվաճառք անելու կասկածանքով, գործարքի ավարտից անմիջապես հետո ոստիկանության Լոռու մարզային վարչություն են բերման ենթարկվել Գեղեցիկ Վարդանյանը, վաճառքի հանված երեխայի մայրը' Սերինե Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Գեղեցիկի մտերմուհին' Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակչուհի, 30-ամյա Աննա Էնգոյանն ու նրա ընկերը' Հովիկ Շիրինյանը, որն իր անձնական օգտագործման «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայով սպասարկում էր ընկերուհուն:

Տիկին Գեղեցիկին ոչինչ չէր մնում, քան ներկայացնել Ֆրանսիայի քաղաքացուհուց պահանջած, ստացած ու ծոցում տաքուկ թաքցրած դոլարի կապոցը:

Վերոհիշյալ անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի նախաքննությամբ, որն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը»։

Հեղինակ:
«Փաստինֆո»