Քաղաքապետարանի աջակցությամբ 4098 տնտեսվարողներ այս տարի արդեն կատարել են իրենց գործունեության օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունները, 511 օբյեկտների հարակից տարածքներում աշխատանքներն ընթացքի մեջ են։
Պարտադիր բարեկարգման կարգը սահմանված է Երևանի ավագանու որոշմամբ, համաձայն որի՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները։
Տնտեսվարողները բարեկարգման աշխատանքներն իրականացրել են 2012 թվականին քաղաքապետարանի կողմից իրենց տրամադրված՝ բարեկարգվող տարածքի սահմանների անհատական սխեմայով։
Ըստ քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմված վարչական արձանագրությունների՝ պարտադիր բարեկարգման պարտավորությունը չկատարած տնտեսվարողները օգոստոսի 6-ի դրությամբ 792–ն են։ Նրանց նկատմամբ, ըստ օրենքի, տուգանք է կիրառվում՝ նվազագույն աշխատավարձի 10-ից 20-ապատիկի չափով։
Տնտեսվարողներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ անցկացվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ. լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն