Lragir.am. Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են ավանդաբար փակ այս կառույցում լուրջ խմորումների ու հակասությունների մասին: Դրանք նախկինում էլ են եղել, սակայն ներկայում սրվել են այնքան, որ արդեն հնարավոր չէ պահել ներսում, եւ դրանք դառնում են հանրության սեփականությունը:
Վերջին տարիներին Եկեղեցու մի շարք թեմերում դժգոհություններ եղան Մայր Աթոռի քաղաքականության կապակցությամբ, մասնավորապես Շվեյցարիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Արարատյան եւ այլ թեմերում բռնկված սկանդալները: Իսկ վերջերս էլ Երուսաղեմի պատրիարքը հանդես եկավ Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին կոշտ նամակով, որում իր անհամաձայնությունն էր հայտնում նրա վարած քաղաքականության եւ մասնավորապես Ֆրանսիայի թեմի առաջնորդին ազատելու կապակցությամբ:
Դժգոհությունները կապված են Մայր Աթոռի կամային որոշումների եւ «կադրային» քաղաքականության հետ: Բացի այդ, լուրջ խնդիրներ է թերեւս հարուցում նաեւ ֆինանսատնտեսական գործունեությունը, երբ, ըստ տեղեկությունների, թեմերը պարտավոր են որոշակի ֆինանսական հոսքեր ապահովել Էջմիածին:
Այս իրադարձությունների կապակցությամբ մեկնաբանությունները տարբեր են: Կա տեսակետ, որ եկեղեցու ներսում կան խմբավորումներ եւ կլաններ, որոնց միջեւ ընթանում է պայքար: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ, այս ամենը արվում է եկեղեցին կազմալուծելու նպատակով, արտաքին ուժերի կողմից: Թերեւս, այս ամենը տեղ ունի, եւ կարծիքներն էլ զուրկ չեն հիմքից:
Հայ Առաքելական եկեղեցին յուրօրինակ ցանցային կառույց է, որն ինքնին մեծ արժեք է ներկայացնում ազգային-հոգեւոր խնդիրների համար: Աշխարհում նման կառույցներ քիչ կան, եւ զուր չէ, որ այն մշտապես եղել է թե ներքին կառավարիչների, թե արտաքին շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում: Ավելին, բավական երկար ժամանակ Առաքելական եկեղեցին փոխարինել է պետությանը, տարբեր ժամանակներում քաղաքական համաձայնությունների մեջ մտնելով կայսրությունների, օրինակ՝ իրանական, արաբական, մոնղոլական, հետ: Եկեղեցին ստանում էր կառավարման բացառիկ իրավունք՝ աշխարհիկ իշխանության վերացման պայմաններում, ճանաչելով կայսրությունների գերիշխանությունը:
Այս եւ բազմաթիվ այլ հանգամանքներ նպաստել են նրան, որ Առաքելական եկեղեցին դառնա «ավելին, քան եկեղեցի», որը դասագրքերում ներկայացվում է որպես «բացառիկ դեր»: Այս վիճակում եկեղեցին հասել է մեր օրերը, գրեթե նույնությամբ պահպանելով իր տեղը, դերը եւ բնույթը հանրային-պետական կյանքում:
Դժվար է միանշանակ գնահատական տալ Առաքելական եկեղեցու «բացառիկ դերին» եւ դրա պատճառահետեւանքային հանգամանքներին: Համենայնդեպս, պարզ է մեկ բան, որ այդ դերը ձեռք է բերվել աշխարհիկ իշխանության եւ պետականության վերացման հաշվին: Մի կողմից, ստեղծվել են հոգեւոր մշակույթի գանձեր, մյուս կողմից, սակայն, նույն եկեղեցական պատմագրության մեջ բազմաթիվ են հիշատակումներն այն մասին, թե ինչպես էր եկեղեցին պայքարում աշխարհի իշխանության եւ փաստացի պետականության դեմ, օգտագործելով «գրի ու հավատի» մենաշնորհը:
Միով բանիվ, նոր ժամանակներում, հանրային կյանքում սկսված առայժմ թույլ, սակայն հեռանկարի իմաստով խորքային դիսկուրսը չէր կարող չշոշափել նաեւ եկեղեցին: Առավել եւս, որ Եկեղեցու պարագայում ներկայում էլ գործ ունենք ոչ այնքան հավատքի, որքան քաղաքական եւ բիզնես գործունեության հետ, որը սերտաճած է իշխանական-օլիգարխիկ համակարգին եւ ներդաշնակ է նրա խաղի կանոններին:
Հայաստանում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք առայժմ այսպես ասած «քայքայման» մակարդակում են: Տեղի է ունենում ներքին կյանքի կազմակերպման «ավանդական արժեքների» ու առասպելաբանության վերանայում եւ վերաիմաստավորում: Նախկին քվոտաները, պայմանավորվածություններն ու կանոնները, սխեմաները կորցնում են իրենց կենսունակությունը:
Ի՞նչ է հետեւելու այս քայքայմանը, եւ ինչով է լցվելու «մաքուր էջը»: Ի թիվ քաղաքական ու տնտեսական էլիտաների, այս հարցը գուցե ամենայն սրությամբ դրված է հենց Եկեղեցու առջեւ: Արդյոք աշխարհիկ-հոգեւոր էլիտաներն ընդունակ են լինելու ստեղծել նոր «առասպելաբանությունը», որը համարժեք կլիներ մեր ժողովրդի ձգտումներին, նպատակներին եւ երազանքին: Որովհետեւ, կյանքը ցուցանեց, որ ներկայիս արժեքային համակարգը մերը չէր, պարտադրված էր ինչ որ տեղից, այլապես այդքան հեշտ տեղի չէր տա: Եւ դա երեւաց հենց Եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացներից:
Քայքայում ու կազմալուծո՞ւմ, թե ռեֆորմացիա: Եկեղեցում, նաեւ մեր հանրության տարբեր շերտերում քիչ չեն բարձր ինտելեկտուալ ու հոգեւոր արժանիքներով մարդիկ, որոնք ընդունակ են անխուսափելի քայքայման ընթացքը վերաուղղել ազգային-հոգեւոր կյանքի ռեֆորմացիայի հուն: «Դրսից» շատ բան կարելի է անել, այդ թվում եւ կործանել, սակայն միայն այն դեպքում, եթե մենք ի վիճակի չլինենք ձեռնարկել ռեֆորմացիայի «փշոտ ու չարչարանաց ճանապարհը», որի համար քայքայման այս գործընթացը փաստացի շանս է:
Քայքայում ու կազմալուծո՞ւմ, թե ռեֆորմացիա: Մեր ժողովրդին անհրաժեշտ են հանրային-պետական եւ հոգեւոր արդյունավետ ու համարժեք կառույցներ:
Հայկ Արամյան