Հայ առաքելական եկեղեցում հունվարի 26-ից սկսվում է Առաջավորաց պահքը: Այն կոչվում է Առաջավորաց, քանի որ Հայ եկեղեցու առաջին պահքն է, որ նախորդում է Մեծ պահքին' լինելով վերջինիս նախակարապետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պահեցողության այս շրջանը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, սկսվում է Սբ. Սարգսի տոնից 5 օր առաջ, որի պատճառով երբեմն կոչվում է նաեւ Սբ. Սարգսի պահք:
Առաջավորաց պահքը հաստատել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը: Ըստ ավանդության, Սուրբ Գրիգորը, ազատվելով Խոր Վիրապի տանջանքներից, պատվիրում է Տրդատ արքային ու ողջ ժողովրդին 5 օր պահք պահել ու ապաշխարել: Այնուհետեւ նա 60 օր շարունակ Տիրոջ Ս. Ավետարանն է քարոզում ամենքին եւ մկրտում, և երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը դառնում է Հայոց կաթողիկոս' ի հիշատակ արքունիքի եւ ժողովրդի հնգօրյա պահեցողության, սահմանում է Առաջավորաց պահքը:
Թե ինչու՞ է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ: Նախ, որ այդպես է սահմանել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Երկրորդ, քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն զղջալու, ապաշխարելու եւ Աստծուն մոտենալու:
Եկեղեցական մեկ այլ ավանդությամբ, երբ Ադամը վտարվեց դրախտից, նա նույնպես 5 օր շարունակ ոչինչ չկերավ: 5-օրյա շրջանը խորհրդանշում է նաեւ Աստծո արարչագործության առաջին 5 օրերը, որ յուրօրինակ պահքի օրեր էին, երբ ոչ ոք ոչինչ չէր ճաշակում: Սբ. Գրային ավանդության համաձայն, այս նույն պահքն են պահել նաեւ Սեթ, Ենովք, Աբրահամ, Հակոբ ու Հովսեփ նահապետները:
Առաջավորաց պահքը, ինչպես եւ մյուս բոլոր պահոց օրերը, քրիստոնյային առիթ են ընծայում ներհայեցողության, աղոթքով եւ պահեցողությամբ հոգու ու մարմնի բյուրեղացման ու մաքրագործման: