ԳԱԼԱ. Ռուսական կողմը ինտենսիվացնում է ագրեսիվ ինֆորմացիոն քարոզչությունն ընդդեմ Հայաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման: Բոլոր հնարավոր միջոցներով Մոսկվան նախազգուշացնում է, որ Հայաստանի համար հսկայական բարդություններ են առաջանալու այդ փաստաթուղթը նախաստորագրելու դեպքում: Մերձկրեմլյան շրջանակները բաց տեքստով խոսում են այն մասին, որ պաշտոնական Երեւանը պետք է ընտրություն կատարի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Մասնավորապես ՀՀ ՌԴ նախկին դեսպան Վյաչիսլավ Կովալենկոն «Вести Кавказа» կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև' կա՛մ եվրոպական ինտեգրացիա, կա՛մ Եվրասիական միություն»:

Ըստ նախկին դեսպանի՝ հստակ ընտրության խնդիր դրվել է ոչ թե Մոսկվայի, այլ Բրյուսելի անմիջական թելադրանքով: Այս պնդումը իրատեսական է. Եվրամիության ընդլայնման քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավված Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հունիսի 25-ին Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ անհնար է գործել միաժամանակ երկու տնտեսական գոտիներում: Այս համատեքստում Կովալենկոն փորձում է ազդակներ հղել, որ իրականում Հայաստանին բարդ ընտրության առաջ է կանգնացրել ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիությունը: Սակայն հազիվ թե պաշտոնական Մոսկվան այդքան լիբերալ վերաբերմունք ունենա Հայաստանի, ինչպես նաեւ պոստսովետական այն երկրի դիրքորոշման հետ կապված, որով փորձում են զարգացնել եվրաինտեգրացիայի քաղաքական կուրսը: Գործնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը առավել քան խանդով է վերաբերվում ավանդաբար ռուսական ազդեցության տակ գտնվող երկրի՝ դեպի Արեւմուտք տեղաշարժին: Օրինակ՝ Հայաստանի պարագայում Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքում՝ Ադրբեջանին հարձակողական տիպի զենք վաճառելը, բնական գազի սակագնի բարձրացումը, հավանաբար առաջիկայում կարելի է նաեւ սպասել արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված խնդիրների հարուցում: Նույն իրավիճակն է նաեւ Ուկրաինայի հետ կապված՝ Պուտինի վերջին այցելությունը Ուկրաինա, նրա ընդգծված արհամարհական վերաբերմունքը հենց Կիեւում այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, ուկրաինական հայտնի քաղցրավենիքների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքը. սրանք Ուկրաինայի նկատմամբ Պուտինի պատժիչ գործողությունների ընդամենը մի մասն են:

Սակայն ի տարբերություն Ուկրաինայի, որը մեծ դիմադրողականության ռեսուրս ունի Ռուսաստանի հարվածների նկատմամբ, Հայաստանը այս առումով բավականին խոցելի է: Նախ անվտանգության եւ տնտեսական խնդիրների հետ կապված, որոնք ակտիվորեն շահարկվում են Ռուսաստանի կողմից: Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի հովանու տակ գործող ՀԱՊԿ անվտանգության համակարգի պաշտպանության ներքո, դժվար է պատկերացնել, թե ինչպես է համատեղելու եվրոպական տնտեսական համակարգը ռուսական անվտանգության համակարգի հետ: Ինչպես հայտնի է՝ մաքուր տնտեսական համակարգ գոյություն չունի, այն սերտորեն շաղկապված է քաղաքական համակարգի, որն էլ իր հերթին՝ ռազմական համակարգի հետ: Հետեւաբար մտնելով եվրոպական տնտեսական ինտեգրացիոն գոտի՝ Հայաստանը պարտավոր է շտկումներ մտցնել իր անվտանգության եւ արտաքին քաղաքական դոկտրինների մեջ, ինչը հազիվ թե գոհացնի պաշտոնական Մոսկվային: Բացի այդ, այդպիսի անցումը կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի անվտանգության համար:

1920թ. Անդրկովկասում «իմպերիալիզմի գործակալ» հռչակված արեւմտամետ Հայաստանի Առաջին Հանրապետությունը տարածքներ կորցրեց ու կործանվեց քեմալա-բոլշեւիկյան մերձեցման արդյուքնում: Բնականաբար աշխարհը էականորեն փոխվել է այդ ժամանակների համեմատությամբ, սակայն սկզբունքներն ու շահերը մնացել են նույնը: Այժմ ռուս-ադրբեջանական մերձեցման տարրեր են նկատվում, ինչը չի բխում Հայաստանի շահերից: Խնդիրը բարդանում է հատկապես այն պատճառով, որ գործող իշխանությունները համակարգված կերպով չեն ներկայացնում իրենց մոտեցումները արտաքին քաղաքականության եվրոպական եւ ռուսական վեկտորների հետ կապված, ավելի շատ հավանական է, որ նրանք այդպիսի մոտեցումներ նույնիսկ չունեն, զբաղված են զուտ իրավիճակային խնդիրներ լուծելով եւ որոշումներ ընդունելով:

Գործող իշխանությունը պարտավոր է անհապաղ գաղտնազերծել, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրվող տեքստի բովանդակությունը, եւ դրա շուրջ պետք է սկսվեն մասնագիտական լուրջ քննարկումներ՝ հասկանալու համար, թե Հայաստանը ո՞ր ուղղությամբ է շարժվում եւ ի՞նչ հնարավոր վտանգներ գոյութուն ունեն: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի կողմից կայացրած «գիշերային որոշումները» Հայաստանի վրա բավականին թանկ են նստում:

Դերենիկ Մալխասյան