Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, նշված երիտասարդները 2013 թվականի օգոստոսի 4-ին 13-ամյա աղջկան նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ, ըստ մեղադրանքի, նրան ենթարկել սեռական ոտնձգության։
Ի սկզբանե, քրեական գործը հարուցվել էր բռնաբարության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասի բռնաբարություն և հենց այս հոդվածով նախատեսված արարքը կատարելու կասկածանքով էլ Համբարձումյանն ու Աբրահամյանը ձերբակալվել էին, սակայն մեղադրանք առաջադրելիս հատուկ քննչական ծառայությունը մեղմել է դիրքորոշումը, և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել սեռական հարաբերություն ունենալու համար։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը նախատեսում են մինչեւ 10 տարվա ազատազրկում, իսկ 141-րդ հոդվածը՝ տուգանք կամ առավելագույնը ազատազրկում 2 տարի ժամանակով։