Lragir.am. Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը որպես անվտանգության գործընկեր ընտրել է ՀԱՊԿ-ը, իսկ տնտեսական համագործակցության համար՝ Եվրոպայի հետ ազատ առեւտրի գոտին: Ընդ որում, Հայաստանը մտադիր չէ դառնալ ՆԱՏՕ-ի, Եվրամիության կամ Եվրասիական միության անդամ:
Որեւէ բլոկի հետ, թեկուզեւ տնտեսական ոլորտում, համագործակցելու համար Հայաստանը նախեւառաջ պետք է վերականգնի ինքնիշխանությունը: Այլապես համագործակցությունը կստացվի ոչ թե կամավոր եւ փոխշահավետ, այլ հարկադրաբար, ինչը տեղի է ունենում ներկայում: Երբեմն նույնիսկ տպավորություն է, թե Հայաստանն ընտրություն է կատարում ոչ թե ինքնուրույն, այլ միայն գնում է տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող աշխարհքաղաքական փոփոխությունների հոսանքով:
Առանց ինքնիշխանության այդպես էլ պետք է լինի: Ներկայում Հայաստանը կարող է մեծ օգուտներ ստանալ աշխարհքաղաքական փոփոխություններից: Սակայն, ամենագլխավորը՝ այդ փոփոխությունները մեզ ինքնիշխանությունը վերականգնելու մեծ հնարավորություններ են տալիս, սակայն դրանք առայժմ չեն օգտագործվում, նույնիսկ նվազագույն մակարդակով:
Ինքնիշխանության համար Հայաստանին անհրաժեշտ է կարեւոր որոշումների մի ողջ համալիր: Դրանք վերաբերում են թե էներգետիկ անկախությանը, սահմանային ինքնիշխանությանը, թե տնտեսական անվտանգությանը: Բոլոր այս չափանիշներով Հայաստանն ինքնիշխան չէ եւ գրեթե լիովին կախված է Ռուսաստանից: Ինքնիշխանությունը վերականգնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունից, ազգայնացնի Ռուսաստանին փոխանցված ռազմավարական ակտիվները եւ գտնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
Եվրոպացի պաշտոնյաները, որոնք կոչ են անում Հայաստանին չհրաժարվել ԵՄ հետ ասոցիացիայից, մեր երկրի համար կանխատեսում են կենսամակարդակի բարձրացում եւ մի շարք այլ առավելություններ: Սակայն որեւէ կոնկրետ բան Եվրոպան առայժմ չի առաջարկել, կամ էլ հայկական կողմը գերադասում է այդ մասին չխոսել: Համենայնդեպս, հայտնի չէ, թե ինչ է առաջարկում Եվրոպան երեք արմատական հարցերում՝ սահմաններ, էներգետիկա եւ տնտեսություն:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ ԱՄՆ ամեն ինչ անելու է Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկ անկախությանը հասնելու համար: Նրա խոսքով, ExxonMobil-ը եւ Chevron-ը հետաքրքրված են ուկրաինական էներգետիկ շուկայով: Հայաստանի մասով առայժմ նման առաջարկներ չկան:
Առայժմ, Արեւմուտքի առաջարկները սահմանափակվում են դոնորների կոնֆերանսի եւ եվրոպական շուկայի օգուտների մասին խոստումներով:
Մինչ այժմ, Հայաստանի արտաքին քաղաքական «նոր կուրսը» վարվում է առանց հանրային քննարկումների եւ հրապարակային կոնսենսուսի նույնիսկ իշխող կուսակցության ներսում: Այդպիսով, առանց հաշվի առնելու հանրային կարծիքը, կարող է ստորագրվել ԵՄ հետ ասոցիացիան: Սակայն ինչ որ պահի հանրային անորոշ կարծիքը կարող է ճակատագրական դեր խաղալ, եւ Եվրոպան Հայաստանի հետ պետք է առավելագույն ազնիվ լինի:
Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, մենք արդեն տեսել ենք եւ գիտենք, իսկ ի՞նչ կտա մեզ Եվրոպան: Կօգնի՞ արդյոք վերականգնել ինքնիշխանությունը, թե մի կախվածությունը կփոխարինվի մեկ ուրիշով:
 Նաիրա Հայրումյան