Lragir.am Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգելով հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտարարել է, որ եղբայրական հայ ժողովրդի ոչնչացումը նպատակ է ունեցել նաեւ ոչնչացնել Ռուսաստանը:
Ռուսաստանը Հայաստանից վերցրել է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ: Շատերը հաճախ են հարց տալիս, թե էլ ինչ կա, որ կարող է Հայաստանից վերցնել Ռուսաստանը: Ռուսաստանի դեսպանը փաստացի տալիս է այդ հարցի պատասխանը՝ հայկական հարցը: Մնացել է հայկական հարցը, Թուրքիայի հանդեպ Հայաստանի պահանջները, որ Ռուսաստանը դեռ չի «վերցրել» իրեն:
Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը նախանշում է հենց այդ գործընթացի սկիզբը՝ ոչնչացնելով հայերին, նպատակ են ունեցել ոչնչացնել Ռուսաստանը: Երեւի հաջորդ հայտարարությունը կլինի այն, որ այն, ինչ կորել է Արեւմտյան Հայաստանում, իրականում Ռուսաստանի կորուստն է:
Չի բացառվում, որ այդ միջոցով Մոսկվան կփորձի տեր կանգնել Արցախին: Այսինքն, Ռուսաստանը փաստացի ակնարկում է Թուրքիային, որ Անկարան «հայկական հարցի» առումով գործ է ունենալու իր հետ: Թվում է, որ այստեղ որեւէ զարմանալի կամ անբնական բան չկա: Ի վերջո, բոլոր տերություններն են հայկական հարցը փորձում օգտագործել Թուրքիայի հետ հարաբերություններում: Ինչու՞ դա չի կարող Ռուսաստանը:
Բայց այստեղ հարցն այն է, թե որ դեպքում է վտանգվում Հայաստանի շահը: Իսկ տվյալ դեպքում Հայաստանի շահը հայտնվում է լրջագույն վտանգի առաջ: Բանն այն է, որ Արցախում ռազմական ներկայություն հաստատելու իր ռազմավարական կենսական ծրագրի իրականացման համար Ռուսաստանին բացակայում է ընդամենը Թուրքիայի եւ Ադրբեջանի համաձայնությունը, նրանց առաջարկելով որոշ տարածքներ:
Այդ խնդիրը հատկապես արդիական է դառնում Արեւմուտք-Ռուսաստան լարվածության պայմաններում: Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը պարբերաբար հանդես է գալիս Արցախում լարվածության էսկալացիա թույլ չտալու վերաբերյալ մտահոգություններով:
Այդ ընթացքում ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց հայկական բանաձեւը, ակնհայտորեն ճնշում բանեցնելով Թուրքիայի վրա եւ փորձելով հետ պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից, հատկապես երբ դրանց նախերգանքը դրսեւորվեց Քեսաբում:
Փաստացի, Մոսկվան փորձում է Թուրքիային պայմանավորվածության դաշտ բերել այն զենքով, ինչով որ նրան Ռուսաստանի հետ Կովկասի նոր վերաբաժանման վերաբերյալ պայմանավորվածությունից փորձում է հետ պահել ԱՄՆ-ն՝ հայկական հարցը: Ռուսաստանը փաստացի այդ հարցում ինքզինքը հռչակում է թիրախ, այսինքն Թուրքիային փաստացի ակնարկում է, որ կողմ, ասել է թե հեռանկարում նաեւ պահանջատեր կարող է լինել:
Մի բան է, երբ որեւէ տերություն պարզապես օգտագործում է հայկական հարցը, մեկ այլ բան, երբ այդ տերությունը փաստացի ներկայանում է որպես «տուժող կողմ»: Իսկ ասելով, որ հայերին ոչնչացնելու նպատակը Ռուսաստանը ոչնչացնելն էր, Ռուսաստանը փաստացի հենց այդ մասին էլ ակնարկում է Թուրքիային:
Այլ կերպ ասած, Մոսկվան Անկարան փաստացի դնում է կամ-կամ-ի առաջ՝ կամ նոր եւ առավել բարդ խնդիրների հեռանկար 100 տարի առաջ կատարածի համար պատասխանատվության խնդրում, կամ 100 տարի առաջ կատարածը կրկնելու նոր համաձայնություն, որի հաջողության առյուծի բաժինն այս անգամ պարզապես կմնա Ռուսաստանին:
Դե, իսկ ինքնիշխանությունից զրկված Հայաստանին կթողնեն հերթական սեւ թիվը օրացույցում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ