Ռուսաստանը, ունենալով դաշնակցային ու ջերմ հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի հետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կարող է հանդես գալ մարդասիրական արժեքների տեսնակյունից ու Թուրքիային ցույց տալ, որ միջազգային հանրությունն ու Հայաստանն ունեն պահանջներ նրանից:

 

Նման դիրքորոշում արտահայտեց քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Անդրանիկ Միհրանյանը' շեշտադրելով, սակայն, որ դա անելու համար Ռուսաստանը պետք է ստանա Հայաստանից եկող ազդակներ: «Ի հակադրություն Միացյալ Նահանգների ու մյուս շատ երկրների, որոնք մինչև այսօր չեն կարողացել մի բանաձև ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականին ընդունել է այն դատապարտող բանաձև:

 

Բայց այստեղ հիմնականը ոչ թե Ռուսաստանի հարցն է, որքան Հայաստանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Անդրանիկ Միհրանյանը' հավելելով, որ նախաձեռնոությունն իր ձեռքը պետք է վերցնի հայկական կողմը: Մասնավորապես, նա նշեց, որ մի շարք գերատեսչություններ պետք է ռուսական իրենց գործընկերներին ներկայացնեն միջոցառումների ու դրանց համար անհրաժեշտ մարդկանց ու կազմակերպությունների ցանկ:

 

«Հայկական կողմը բոլոր բարեկամ պետությունների մոտ պետք է այս հարցը բարձրացնի: Եթե այստեղից չլինեն այդպիսի իմպուլսներ, հավատացեք, մյուս երկրներն առավել ևս շահագրգռված չեն լինի»,- ավելացրեց նա:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

 

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակա վոր այլ կազմակերպություններ: