Tert.am - Սիրիայում շարունակվող հակամարտության ընթացքում դարձյալ հայ զինվոր է զոհվել, տեղեկացնում է Yerakouyn.com արևմտահայերեն լրատվական կայքը։
Ծնունդով Հալեպից Վրեժ Քեշիշյանը (1991թ) զոհվել է Իդլիբ նահանգում ծառայելու ընթացքում։
Զինվորի մահվան մասին տեղեկացրել են նրա հարազատները, ովքեր մահվան մասին լուրը ստացել են երեկ՝ օգոստոսի 15-ին։
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի օր է Հալեպը կտրված է արտաքին աշխարհից։ Քաղաքում չեն գործում բջջային հեռախոսակապը, անջատված է ինտերնետը, էական խափանումներով է գործում քաղաքային հեռախոսակապը։
Tert.am-ի Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքում իրավիճակը չի փոխվել. ամեն ինչ շարունակում է առաջվա պես մնալ։ Հայկական թաղամասերում լսվում են հարակից շրջաններում շարունակվող բախումների ձայները, և երբեմն արկեր կամ պատահական փամփուշտներ են հասնում հայաշատ շրջաններ։
Քաղաքում կացությունը նույնն է. հաց, վառելիք գտնելը բավական դժվար է, ամեն ինչ չափազանց թանկ է, իսկ աշխատանք գրեթե չկա։