Lragir.am. Ինչ-որ սահման կա, որից այն կողմ քաղաքացիներն այլեւս թույլ չեն տալիս մտնել իրենց գրպանները, կամ էլ գրպաններում ոչինչ չի մնացել: Հայաստանի կառավարության վերջին 5 տարիների քաղաքականությունն ուղղված էր այդ սահմանը որոշելուն: Տրանսպորտի թանկացումը բախվեց հասարակական գրպանի վերջին սահմանին: Չնայած կառավարությունը կարծես թե չի հասկացել դա:
Կառավարությունը պետք է գիտակցի, որ «հասարակական գրպանի» ռեսուրսը սպառված է, եւ ցանկացած թանկացում, հարկ կամ էլ ռեկետի այլ տեսակ բախվելու է քաղաքացիների դիմադրությանը եւ զրոյական արդյունք է ունենալու: Գրպանը դատարկ է, եւ մարդիկ ավելի կոշտ են դարձել:
Երեւանի քաղաքացիները հրաժարվեցին տրանսպորտի համար 150 դրամ վճարել 100-ի փոխարեն: Երբ շնորհիվ ակտիվիստների մարդիկ դադարեցին 150 դրամ վճարել, քաղաքապետարանը ստիպված էր վերադարձնել հին գները:
Այժմ Երեւանում քաղաքացիական գործընթացներ են սկսվել գազի եւ էլեկտրաէներգիայի գների նվազման, բուհերի վարձավճարների բարձրացումը չեղյալ անելու ուղղությամբ: Այդ գործընթացներն առայժմ բողոքի ակցիայի, ստորագրահավաքի, պատասխանատու անձանց հետ հանդիպելու փորձերի տեսքով են: Սակայն ակնհայտ է, որ հին գները վերադարձնելու միակ միջոցը հին գինը վճարելն է:
Եթե ուսանողների մեծ մասը կարողանա պայմանավորվել եւ սեպտեմբերին հին գներով վճարել, համալսարաններին ոչինչ չի մնա, քան հին գները վերադարձնելը: Կամ էլ կարող են հեռացնել բոլոր ուսանողներին, փակել բուհերի դռները եւ տուն գնալ:
Անօրինական կերպով հաստատված գների բոյկոտը, որոնք բարձրացվում են անհայտ հիմքերով ու հաշվարկներով, կարող է ամենաարդյունավետ մեթոդը դառնալ: Դա ապացուցել են տրանսպորտի գնի հետ կապված իրադարձությունները:
Նման մեթոդ կարելի է կիրառել նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի գների վճարման դեպքում: Կարելի է եւ պետք է անհնազանդություն ցուցաբերել շրջանառության նոր հարկի դեպքում, որի պատճառով շատ ձեռնարկատերեր զրոյի վրա են հայտվել:
Այնուամենայնիվ, կառավարությունը դեռ հույս ունի ժողովրդից վերջին գումարները քամել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը խոսում է հենց այդ մասին: Այն ուղղված է ոչ թե սովորական սպառողի, այլ բանկերի շահերը պատշպանելուն, ինչը նոր լուծ կլինի մեր եւ ձեր ուսերին:
Կառավարությանը պետք է հստակ հասկացնել տալ, որ հասարակությունն այլեւս թույլ չի տա մտնել իր գրպանները:  

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ