Հայաստանի կրթական համակարգն ունի դեռևս չլուծված երեք խնդիր՝ կրթության որակի, կրթության մատչելիության և կրթության արդյունավետության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի՝ կրթության ոլորտում առկա է դեռևս չլուծված 3 խնդիր՝ կթության որակի բարձրացում բոլոր մակարդակներում, մատչելիության խնդիր, և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։
«Մենք մտածելակերպի խնդիր ունենք, և հենց դա է ստիպում ծնողին պայմանավորվել տնօրենի հետ, որ երեխան չգնա դպրոց, որպեսզի այդ ընթացքում գնա կրկնուսույցի մոտ կամ կաշառք տա: Եթե մտածելակերպի խնդիրը լուծվի, դրանից բխող շատ այլ բացասական երևույթներ կվերանան: Նաև լուրջ խոչընդոտ է ֆինանսը, քանի որ կրթության ոլորտին տրամադրվող գումարները սահմանափակ են: Կրթական համակարգի և տնտեսության միջև ոչ լիարժեք կապ գոյություն ունի: Մեր հարկատուները պետք է հասկանան, որ կրթության վրա չպետք է ծախս անել, այլ ներդրում: Աշխատատշուկան պետք է թելադրի, պատվիրի, թե ինչ է ուզում»,- նկատում է Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է ուսման վարձերի թանկացմանը, Արմեն Աշոտյանն ասաց. «Ուսման վարձերի թանկացումն ինքնանպատակ չէ, քանի որ վերջին 3 տարիների ընթացքում ամեն ինչ թանկացել է՝ բացի ուսման վարձից։ Մի կողմից՝ խոսում ենք դասախոսների ցածր աշխատավարձից, մյուս կողմից' ուսման վարձերի բարձրացումից»,- նշեց նախարարը' շեշտելով, որ եթե ցանկանում ենք, որ դասախոսների աշխատավարձը բարձրանա, ուրեմն պետք է սպասել, որ և՛ ուսման վարձն է թանկանալու, և՛ կրճատումներ են լինելու: Կրթությունն ունի իր գինը։
Նախարարը հույս հայտնեց նաև, որ ծնողների աշխատավարձները ևս կբարձրանան, որպեսզի կարողանան ուսման վճարները կատարել: