Ազգային ժողովը քննարկում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խթանել ուսանողների առաջադիմությունը և աջակցել սոցիալական մի շարք խմբերի՝ բարձրագույն կրթություն ստանալ: Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագծի նպատակն է մեծացնել բարձրագույն կրթության ընդգրկվածությունը և ապահովել սոցիալական տարբեր խմբերի համար կրթության հավասար մատչելիությունը, միաժամանակ արդիականացնել և ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ։

 

«Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև բուհերի կողմից սոցիալական միևնույն խմբերի ուսանողների համար ոչ հավասար պայմանների և ոչ հավասար աջակցության իրականացմամբ: Նախագծի հիմնական մեխերից մեկն այն է, որ կառավարությունը ցանկանում է Ազգային ժողովից լիազորություն ստանալ ուսման վարձի վերին շեմ սահմանելու համար»,-նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ պետության կողմից ուսման վարձերի առավելագույն շեմի սահմանման անհրաժեշտությունը բխում է ներկա իրավիճակի անհրաժեշտություններից' մասնավորապես տարբեր բուհերում միևնույն մասնագիտություններով ձևավորված տարբեր ուսման վարձավճարներից:

 

Աշոտյանը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է նաև, որ բուհերը պետության կողմից տրամադրվող անվճար տեղերի վրա իրենց կողմից ևս ավելացնեն անվճար տեղեր այն մասնագիտությունների գծով, որոնք կառավարության կողմից կճանաչվեն գերակա: «Հայտնի է, որ բուհերն ամեն տարի պայքարում են պետության կողմից պետպատվերի ավելի շատ տեղեր ստանալու համար: Նախագծով մենք պարտավորեցնում ենք բուհերին, որպեսզի նրանք պետության կողմից տրամադրված անվճար տեղերին իրենց կողմից անվճար տեղեր ավելացնեն գերակա մասնագիտությունների գծով»,- նշեց նախարարը:

 

Նախագծով առաջարկվում է նաև, որպեսզի բուհերը իրենց միջոցների հաշվին ֆիքսված տոկոսներ հատկացնեն սոցիալապես անապահով ուսանողներին՝ նրանց ուսման վարձը զեղչելու համար: «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին' ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին' հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում կիրականացնի ուսանողների որոշակի խմբերի, հիմնականում այն ուսանողներին, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն»,- ասաց Աշոտյանը:

 

Աշոտյանը վստահեցրեց, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կապահովվի հասարակության սոցիալական տարբեր խմբերի համար բարձր առաջադիմության հենքի վրա կրթության մատչելիությունը, ինչպես նաև կկարգավորի տարբեր բուհերի կողմից ձևավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը: