Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է' առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը' առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը: Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է' կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները: