Lragir.am - Հայասատանի երկրորդ քաղաքից' Գյումրիից, արտագաղթը վերջին շրջանում ահագնացող չափերի է հասել: Եթե նախկինում գյումրեցիները գարնանը գնում էին արտագնա աշխատանքի, իսկ ձմռանը վերադառնում հայրենիք, ապա այսօր շատերն են ընտանիքներով անվերադարձ մեկնում:
«Հետևելով բնակարանների վաճառքի հայտարարություններին, ինչպես նաև մեր շրջապատի տրամադրություններին' կարող եմ ասել, որ հիմա գնում են ընտանիքներով ու գնում են տարվա բոլոր եղանակներին: Գյումրիից ամեն շաբաթ մի քանի ավտոբուս մարդ է մեկնում Ռուսաստան ու Թուրքիա' արտագնա աշխատանքի»,- Lragir.am-ին ասաց Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Նա նշեց, որ գյումրեցիների թվում քիչ չեն այն մարդիկ, ովքեր հենց Թուրքիա են մեկնում արտագնա աշխատանքի, քանի որ այնտեղից աշխատանքի առաջարկ են ստանում: Գյումերցիները նաև եվրոպական երկրներ ու ԱՄՆ են մեկնում: Արտագաղթի առաջին պատճառն այն է, որ Շիրակի մարզում հենց Գյումրիում է աղքատության ու գործազրկության մակարդակն ամենաբարձը. Աղքատությունն այստեղ 47.7 տոկոս է կազմում, գործազրկությունը' ավելի քան 50 տոկոս:
«Արտագաղթը նաև միջավայրի ու հոգեբանական պատճառներ ունի, վաղվա օրվա հանդեպ հավատի բացակայությունը մարդկանց հոգեբանորեն տրամադրում է, որ գնալն ամեն դեպքում ճիշտ է»,- ասաց նա: Գյումրիի քարուքանդ փողոցները, անըդհատ շարունակվող ու վերջ չունեցող բնակարանաշինության ծրագիրն, ըստ Վահան Թումասյանի, մարդկանց դրդում են հիասթափվել ու լքել Գյումրին:
«Չգիտեմ, իշխանությունների կողմից սա դիտավորյալ է արվում, թե ոչ: Ի՞նչ նպատակ ունեն, ինչո՞ւ են ձգտում, որ մարդիկ արտագաղթեն: Բայց սա միամտություն չի կարող լինել, ինձ թվում է' սա ինչ-որ նպատակ ունի: Անգամ քանդված փողոցն այսօր հոգեբանորեն ազդում է գյումրեցու հոգեվիճակի վրա: Ընդամենը կենտրոնական մասում մի քանի փողոց վերակառուցեցին, մարդկանց մեջ որոշակի հավատի նշույլներ էր երևում: Հասարակ բանից մարդիկ ոգևորվում են, որովհետև առիթ են ման գալիս իրենց հայրենիքում մնալու, առավել ևս գյումրեցիները»,- նշեց Վահան Թումասյանը: Նա իր շրջապատից լսել է, որ արտագնա աշխատանքի մեկնողները գոհ են աշխատանքի վարձատրությունից:
Լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել' պարզելու համար, թե քանի բնակիչ ունի այսօր Գյումրին: Երկարաշարժից առաջ այստեղ ապրել է 225-240 հազար մարդ: Վահան Թումասյանի խոսքով, տարբեր գնահատականներով, այսօր մոտ 80-90 հազար բնակիչ ունի Հայաստանի երկրորդ քաղաքը:
«Երեկոյան վեցից հետո քաղաքում մարդ չես տեսնում, առավոտյան ժամը տասին է քաղաքն արթնանում, ճնշող մթնոլորտ է' դատարկ փողոցներ: Մնացել են մարդիկ, ովքեր բնակարան ու միջոցներ չունեն, նպաստի ու թոշակի հույսով են ապրում ու չեն կարող գնալ»,- նշեց Վահան Թումասյանը: