Դանիայի գահաժառանգ Ֆրեդերիկը դարձել է եռամարտի զանգվածային մրցաշարին մասնակցած արքայական ընտանիքի առաջին ներկայացուցիչը:
Նրանից 10 ժամ 45 րոպե 32 վայրկյան է պահանջվել 3,8 կմ լողալու, հեծանիվով 180 կմ հաղթահարելու և 42,195 կմ վազելու համար: Դանիայի ապագա թագավորը, որն իր երկրի ներկայացուցիչն է միջազգային օլիմպիական կոմիտեում, Ironman («Երկաթե մարդ») կոչվող այս ստուգատեսի տղամարդկանց մրցումներում գրավել է 40-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում ճանաչվել է 650-րդը: Ուժասպառ արքայազնին վերջնագծում ի թիվս բազմաթիվ երկրպագուների դիմավորել են նրա կինը՝ արքայադուստր Մերին ու երկու ավագ զավակները՝ Քրիստիանը և Իզաբելան:
Մրցաշարին մասնակցել է 2,6 հազար մարզիկ, այդ թվում՝ 800 արտասահմանցի 40 երկրից: Չորրորդ անգամ անցկացված ստուգատեսի հաղթողն է Յենս Պետերսեն-Բակը՝ Դանիայի Օդենսե քաղաքից: Նրա արդյունքն է 8 ժամ 12 րոպե 41 վայրկյան: