Tert.am- Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված հարձակումները, որոնց ընթացքում հայուհի Մարիցա Քյուչուքը սպանվել էր, ավարտվել էին ազգությամբ հայ Մուրադ Նազարյանի ձերբակալությունից հետո։
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Սամաթիայի տարեց կանանց հանդեպ իրականացված բռնության նման մի դեպք է գրանցվել Ֆերիքյոյ թաղամասում. մոտ 80 տարեկան Մարգարիտ Ջամքոշօղլուն հարձակման է ենթարկվել իր տանը։ Հարձակման ընթացքում նրան դաժանաբար ծեծել են։
«Օգոստոսի 17-ին շուկա էի գնացել։ Վերադառնալիս տեսա, որ շենքի ներսում մի մարդ կա՝ միջահասակ, սև, տգեղ մեկը։ Աստիճանների վրա կանգնած էր, և ես կարծեցի, թե վեր է բարձրանալու։ Երբ ես բացեցի տան դուռը, հետևից վրաս հարձակվեց։ Ես գետին ընկա, նա փորձեց ինձ սպանել։ Ոչ մի բառ չխոսեց, ոչինչ չասաց։ Սեղանի վրա պայուսակս էր դրված, մեջը 70 թուրքական լիրա կար, վերցրեց և հեռացավ։ 50 տարի է այստեղ եմ բնակվում, սակայն երբեք նման բան չէր պատահել»,-պատմել է նա։
Հարևանները մտածում են, որ հարձակում իրականացնողը տեղյակ է եղել բնակիչների ելումուտ անելու ժամերից։ Ենթադրվում է, որ նա տեղյակ է եղել, որ հայուհին միայնակ է բնակվում և հարձակման համար այնպիսի պահ է ընտրել, երբ շենքում մարդ չի եղել։