Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր որոշում կայացվեց բերման ենթարկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին:

Այսօր սույն գործով նախնական դատական նիստն էր, որին Սուրենյանցը չէր ներկայացել, մեղադրող դատախազը միջնորդեց նրան բերման ենթարկել, տուժող Հեղինե Սարգսյանն էլ կարծիք հայտնեց,որ կցանկանար Սուրենյանցին տեսնել դատարանում:

Սուրենյանցը հայցելով դատարանի ներողամտությունը, դատարանի գրավոր տեղեկացրել էր, որ ինքը Հրազդանի Սուրբ Գրիգոր եկեղեցու բացման արարողության կազմակերպմանը մասնակցում է որպես լրագրող և խմբագիր՝ խնդրելով նիստը հետաձգել, բացի այդ նա նաև նշել էր, որ իր շահերը պաշտպանող Կարապետ Գալստյանը գտնվում է արձակուրդում և կվերադառնա միայն օգոստոսի 26-ին:

Դատարանը հիմնավոր չհամարեց Սուրենյանցի բացակայությունը և բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Ըստ մեղադրանքի՝ Ս. Սուրենյանցը 2012թ. հուլիսի 26-ին, հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանն ընդունվի Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ Ինքն էլ Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։ 2012թ–ի հուլիսի 26-ից մինչև 2012թ-ի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։

Ս. Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն,խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ ամիսներ առաջ Սուրենյանցին կրկին նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ գործով: Նախորդ տուժող՝ Գրիգոր Ղազաբյանից Սուրենյանցը վերցրել էր 508 000 դրամ, որը դատաքննության ընթացքում ետ վերադարձրեց: Տվյալ գործով դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը փոխվեց և նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց, իսկ գործը կարճվեց:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: