Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությանը նախորդած դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանը հրաժարվել է առերես հարցաքննումներից, քանի որ դրանք պետք է անցկացվեին երեկոյան 20-ից հետո:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երեկ նախաքննական մարմինը կոպտորեն խախտել է Արտակ Բուդաղյանի իրավունքները: Նախ՝ մի քանի ժամ է տևել գործի նյութերին ծանոթացումը, իսկ մինչև այդ գործողությունները, իմ պաշտպանյալը մոտավորապես 1, 5-2 ժամ հարցաքննվել է: Ու մոտավորապես երեկոյան 8-ի սահմաններում իմ պաշտպանյալին հայտարարել են, որ իր հետ պետք է 5 առերեսում անցկացվի: Դուք պատկերացնու՞մ եք դա ինչ է նշանակում, երբ իմ պաշտպանյալի ջերմությունը 38 աստիճան էր և որովայնի ցավեր ուներ, ու ինքը դեռ երեկ ցերեկը պետք է գտնվեր Սիսիանի հոսպիտալում՝ հետազոտման: Եվ մինչև 8-ը էդ գործողություններին մասնակցելուց հետո իրեն հանկարծ հայտնում են, որ 5 առերեսում պիտի ունենա: Եվ առաջին հերթին ես, ապա իմ պաշտպանյալն ասացինք՝ ոչ: Ինչո՞վ է պատճառաբանված ժամը 8-ին էդ գործողությունները կատարելը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն առարկություն է ներկայացրել, որպեսզի առերեսումներն անցկացվեն մեկ այլ օր: «Մենք ոչ թե հրաժարվում ենք, այլ ասում ենք, որ ամեն ինչ էլ կանենք շատ մեծ հաճույքով ու ուրախությամբ, բայց ոչ էդ եղանակով ու ձևով»,- ավելացրեց փաստաբանը:

Ի պատասխան հարցի, թե ովքեր են վկաները և արդյոք Արտակ Բուդաղյանի դեմ ցուցմունքներ տվել են, նրա փաստաբանը նկատեց. «Եթե դիտել եք տեսանյութը՝ բոլորը, ովքեր էդտեղ վազվզում են, բացականչում են, հարձակումները Բուդաղյանների վրա , այ էդ բոլոր անձանց հետ նախապատրաստվում են Բուդաղյանի հետ առերես հարցաքննել»:

Հիշեցնենք, որ վկաներն են ՝ Կարինե Հարությունյանը, Լարիսա Բարսեղյանը և Անգելինա Քայանը:

Հայկ Ալումյանը հաստատեց, որ նրանք իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ են տվել և ավելացրեց. «Այո, բոլորը մի ընտանիքի մոտիկների շրջանակից են , և պարզ է, որ այդպիսի ցուցմունքներ պետք է տան: Բայց էդքանով հանդերձ Բուդաղյանը պատրաստ է առերես հարցաքննվելու, ասելու էն, ինչ-որ ասել է»:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ Քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության տեսագրությունը մոնտաժված չէ՝ համաձայն համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացության:

Ի պատասխան Հայկ Ալումյանը հայտարարեց. «Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ համացանցով տարածված տեսագրությունը մոնտաժված է: Ու երբ ինձ հարցրել էին, թե որտեղ է չմոնտաժված տարբերակը, ես ասել եմ, որ մեկը նախաքննական մարմնի մոտ է, մյուսը՝ մոնտաժողի մոտ: Այսինքն՝ նախաքննական մարմնի մոտ եղած տեսագրության մասին խոսակցություն եթե եղել է, մենք ինքներս էլ ասել ենք՝ այո՛, նախաքննական մարմնի մոտի տարբերակը մոնտաժված չէ, և մի հատ էլ մոնտաժված տարբերակ կա էն մարդու մոտ, ով որ մոնտաժել և տարածել է համացանցում»:

Ավելին՝ հիմա էլ, առավել քան երբևէ, պնդում են, որ համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է, իսկ ինչ վերաբերում է նախաքննության մարմնի մոտ եղած մյուս տեսանյութին, որը կցված է քրեական գործին ու որն ասում են, թե մոնտաժված չէ, ապա միայն ուրախ են: «Բայց դա, կրկնում եմ, դեռ չի նշանակում, որ համացանցում տեղադրվածը մոնտաժված չէ: Հակառակը, եթե հակադրելու լինեիք այդ երկու տեսանյութերը, ևս մեկ անգամ կհամոզվեիք, որ համացանցում տեղադրվածները իրարից տարբերվում են»,- ասաց նա։

Շարունակությունն` այստեղ: