Tert.am - Կոմիտաս 5ա հասցեում առավոտյան վերսկսվել է շինարարությունը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ծանր տեխնիկան սկսել է ներսում աշխատանք կատարում, թեև երկու օր առաջ պատկան մարմինների կողմից տրվել էր խոստում' 5 օրով շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, որպեսզի հարցը քննարկվեր դատարանում:
«Ստացվում է, որ շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը»,- ասաց Տիգրան Խզմալյանը, ով առաջին օրից այստեղ մասնակցում էր բողոքի ակցիային:
Ռեժիսորը տեղեկացնում է, որ տարածքում գնալով ավելանում է ոստիկանների թիվը, իսկ քաղաքացիները մոտ 10 հոգի են:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: Կառուցապատող-բնակիչներ վեճը արդեն մի քանի օր է՝ գտնվում է լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում և ժամանակ առ ժամանակ ուղեկցվում թեժ բախումներով: Լարված իրավիճակներից մեկի ժամանակ էլ պայքարող ակտիվիստներից Անուշավան Պետրոսյանն անգամ կտրել էր ձեռքի երակները՝ այդ կերպ փորձելով իր բողոքն արտահայտել բնակիչների արդարացի զայրույթը հաշվի չառնող իշխանությունների նկատմամբ: