Tert.am -  Փաստաբան Տիգրան Աթանեսյանը սեպտեմբերի 14-ին կայանալիք Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց հետո, օգոստոսի 23-ին՝ սահմանված կարգով, սկսել է քարոզարշավը: Ծրագրային դրույթները և ընտրվելու դեպքում իրականացվելիք բարեփոխումների մասին պատմող տեսահոլովակը թեկնածուն արդեն հասցրել է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:

Tert.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իր ծրագրային դրույթներից առավել կարևորում է պալատի կողմից փաստաբանների պաշտպանությունը, որ ներկայումս բացակայում է:

«Պալատը պետք է պաշտպանի իր փաստաբանին, պալատի ֆինանսական գործունեությունը պետք է լինի թափանցիկ, պալատը պետք է օգնի երիտասարդ փաստաբաններին՝ սկսելու իրենց գործունեությունը, պետք է ամբողջությամբ քննության առիթ դարձնի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը, թափանցիկ դարձնի պալատի կողմից որոշումների ընդունումը»,- նշեց Տիգրան Աթանեսյանը:

Թեկնածուի համոզմամբ՝ իր նշած բարեփոխումները, որ պատրաստվում է իրականացնել ընտրվելու դեպքում, կենսական անհրաժեշտություն են պալատի համար: Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Փաստաբանների պալատը վերածվել է դրամարկղի, որտեղ անդամավճար են մուծում, բայց որևէ մասնակցություն՝ փաստաբանի կյանքում պալատը, կարելի է ասել, չունի: «Շենքը վերածվել է մի քանի փաստաբանների գրասենյակի»,- նկատեց թեկնածուն:

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուի կարծիքով՝ Պալատը պետք է լինի առօրյա քաղաքականությունից դուրս, սակայն մշտապես իր փաստաբանի կողքին. «Պալատը երբեք չպետք է խառնվի փաստաբանի բուն աշխատանքին, հատկապես, երբ փաստաբանը գործում է բուն օրենքի շրջանակներում, կատարում է իր մասնագիտական պարտքը: Բայց եթե փաստաբանները ենթարկվում են հալածանքների, պալատը պետք է լինի նրանց կողքին բոլոր հնարավոր միջոցներով»:

Տիգրան Աթանեսյանը բերեց փաստաբան Վահե Գրիգորյանի օրինակը, ով 2005թ. ենթարկվում էր հալածանքների, մինչդեռ Պալատն այդ ժամանակ լռություն էր պահպանում: Փաստաբանի կողքին եղել են նրա սրտացավ կոլեգաները, իսկ Պալատը լռել է և ոչինչ չի արել:

Tert.am-ի հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերն այս ընտրություններում, Տիգրան Աթանեսյանը նկատեց, որ գնահատում է ոչ թե այս կամ այն թեկնածուի շանսերը, այլ ներկայացրած գաղափարների շանսերը: «Ես կարծում եմ, որ իմ առաջարկած գաղափարները պետք է համահունչ լինեն փաստաբաների ճնշող մեծամասնության պատկերացումներին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: