Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը, ինչպես նաև մարզային փաստաբաններն այսօր՝ հուլիսի 30-ին, մասնակցել են Արմավիրի մարզի մարզային համակարգողի գրասենյակի բացման արարողությանը՝ Էջմիածին քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, բացման արարողությանը մասնակցել է նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցել փաստաբանական համայնքի հետ։
Մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի կամ մարզային քաղաքների տարածքում գործող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել պալատին։
Գրասենյակը նախատեսված է մարզի փաստաբանների աշխատանքը համակարգելու, մարզի փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու։ Արմավիրի մարզի փաստաբանները հնարավորություն են ունենալու իրենց վստահորդների հետ հանդիպումները կազմակերպել մարզային գրասենյակում: Այստեղ կա գրադարան, հանդիպումների դահլիճ և համակարգիչներով հագեցած գրասենյակներ, որոնք ազատ են բոլոր փաստաբանների (այդ թվում՝ մյուս մարզերի և Երևանի փաստաբանների) համար:
Արմավիրի մարզային համակարգող էր ընտրվել փաստաբանԳուրգեն Գրիգորյանը։ Գրասենյակը վերանորոգվել և կահավորվել էր համակարգող Գուրգեն Գրիգորյանի և մարզային փաստաբանների ուժերով։
Հյուրերը շրջայց են կատարալ գրասենյակի տարածքում և ծանոթացել են պայմաններին:
Բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «ՀՀ փաստաբանների պալատը խնդիր է դրել իր առջև բարելավել մարզային փաստաբանների վիճակը և այդ տեսակետից Արմավիր մարզի համակարգողի օժանդակությամբ այստեղ հիմնվել է գրասենյակ, որպեսզի մարզի ավելի քան երեսուն փաստաբանները ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան:
Ավելին՝ մարզային համակարգողի և մարզի փաստաբանների նախաձեռնությամբ այսուհետ կիրականացվեն անվճար իրավաբանական խորհրդատվություն սոցիալական անապահով խավի ներկայացուցիչների համար»:
Ըստ Զոհրաբյանի, այս ավանդույթը շարունակական է լինելու և նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև մյուս մարզերում:
ՀՀ փաստաբանների պալատի Արմավիր մարզի մարզային համակարգողի գրասենյակը համագործակցության հուշագրեր է կնքել հինգ կազմակերպությունների հետ: «Հայաստան մանուկներ» բարեգործական հիմնադրամին, «Մեր տունը» ՀԿ-ին, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ին, «Հայ Միասնության խաչ» ՀԿ-ին և «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամին մարզային գրասենյակը տրամադրելու է անվճար իրավաբանական օգնություն:
Ավարտին, «Հայ Միասնության խաչ» ՀԿ-ի սաները ներկայացրեցին իրենց պատրաստած բեմադրությունը։