Galatv.am - Երեկ Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցիչները հանդիպել են ՊՆ պատվիրակության հետ և որոշակի մանրամասներ են փոխանցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպումից: Հայկական կողմից այդ հանդիպմանը մասնակցել են ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը և ՊՆ փորձագետներ, ովքեր, մեղմ ասած, դժգոհ են մնացել այդ հանդիպումից:
Հանդիպումը այնքան էլ արդյունավետ չի եղել այն տեսանկյունից, որ չեն հստակեցվել հայ և ադրբեջանցի ռազմագերիների փոխանակման խնդիրները: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ այս հարցում խիստ պասիվություն է դրսևորում Ադրբեջանը, իսկ Կարմիր Խաչն էլ սպասվածին համեմատ այնքան ակտիվորեն չի աջակցում:
«Մենք արդեն ասել ենք, որ ակնկալում ենք շատ ավելի գործուն աջակցություն այս պրոցեսներին, հայտնել ենք նաև մեր վրդովմունքը ադրբեջանական կողմին՝ խախտումների վերաբերյալ:
Տեղեկություն չունենք, թե ադրբեջանական կողմը ինչ ցանկություն է հայտնում իր ռազմագերու վերաբերյալ, որովհետև, ըստ էության, Ադրբեջանը այդ մասով շատ պասիվ է: Կարմիր Խաչն էլ որևէ հուսադրող բան չկարողացավ փոխանցել գերիների փոխանակման վերաբերյալ»:
Հակոբի առողջական վիճակի մասին տեղեկությունները ևս կցկտուր են եղել: Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են նաև, որ իրենց Հ. Ինջիղուլյանը ոչինչ չի ասել ոչ հարցազրույցի մասին, ոչ էլ այն մասին, թե ինչ պայմաններում և ով է ստիպել նրան նման հարցազրույց տալ:
«Նրանք ՊՆ մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ ոչ մի բան չգիտեն հարցերի ու հարցազրույցի մասին:
Ինչ մնում է Հակոբի առողջական վիճակին, էլի նույնը: Ըստ էության, չէ, Կարմիր Խաչը մեզ էլ որևէ բան չի ասել, բացի նրանից, ինչ արդեն գիտեինք և կար այն երկտողի մեջ, որ Հակոբն էր գրել ընտանիքին»:
Մանրամասները` այստեղ: