Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ: Ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն, որի արդյունքում փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ: Բերման են ենթարկվել 26 քաղաքացիներ: Հայտարարության տեքստի հետագա շարադրանքը մոտավորապես «դե խախտելը հիմի դու տես» շարքից է:

 

Ի վերջո, ինչ է տեղի ունենում քաղաքացիական բռնկման նոր օջախում: Բառացիորեն մեկ օր առաջ քառակողմ համաձայնություն է ձեռք բերվում մեկ շաբաթով շինարարությունը դադարեցնելու և խնդրին բացատրություններ տալու համար, սակայն հաջորդ օրը շինարարությունը վերսկսվում է: Կրքերի նմանատիպ գերլարման պայմաններում մի՞թե անհեռատեսություն չէր ձեռք բերված պայմանավորվածության խախտումը:

 

Այն, որ պայքարի հիմքում լուրջ փաստարկներ են դրված՝ ակնհայտ է: Հարակից շենքերի բնակիչները պնդում են, որ սկզբում խոսք է գնացել 5 հարկանի շենքի մասին, սակայն հետագայում իմացել են, որ տարածքում կառուցվելու է 14 հարկանի շենք: Սկզբում կարծես հերքման կցկտուր փորձեր եղան, սակայն ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման եկած Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հայտարարեց, որ 14 հարկանի շենքի փոխարեն կկառուցվի 7 հարկանի շենք՝ զարմանք արտահայտելով, թե ինչու են բնակիչները բողոքում նախագծի փոփոխությունից հետո։ Ինչ կա այստեղ զարմանալու, բնակիչները արդեն նախագծի փոփոխման դառը փորձ ունեին, հետևաբար վստահ չէին, որ կրքերը հանդարտվելուց հետո նախագիծը կրկին չի փոխվի: Իսկ մեկշաբաթյա ընդմիջման պայմանավորվածության խախտումը մարդկանց մղեց պայքարի առավել ծայրահեղ միջոցների:

 

Իհարկե, պողոտան փակելը ծայրահեղ միջոց է, սակայն բռնության դիմելու փոխարեն պետք է դիմել իրավիճակը լիցքաթափելու արագ միջոցների: Արդեն մայրաքաղաքում բռնկվում է շինարարությունների դեմ պայքարի ևս երկու նոր օջախ, եթե դրան գումարում ենք քաղաքապետարանի առջև ընթացող բողոքի անժամկետ ցույցերը, ինչպես նաև կառավարության առջև մշտապես ծավալվող ակցիաները՝ իրավիճակը մայրաքաղաքում կարող է դառնալ քաոսային:
Եվս մեկ դիտարկում, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այս օրերին աչքի են ընկնում իրենց նախընտրական սիրո իսպառ մարման համախտանիշով: Մինչ ընտրություններից առաջ կոկորդ էին պատռում՝ ժողովրդի կողքին լինելու պատրաստակամության փշաքաղեցնող չափաբաժնով, այժմ այս խնդիրները փաթաթած ունեն քյաբաբի լավաշով:
Այ քեզ 5000 դրամանոց սեր...

 

Վարուժան Բաբաջանյան