«Արմավիա» ավիաընկերությունն օգոտոսի 24-ին մարեց ևս 16 բորտ-ուղեկցորդուհիների փետրվարի պարտքերը: Ինչպես Slaq-ին տեղեկացրին ընկերությունից, «Արմավիա»-ն մոտ օրերս կմարի ևս մի քանի բորտ-ուղեկցորդուհիների փետրվարի պարտքերը և կանցնի արդեն մարտի աշխատավարձերին:

Նշենք, որ ավիաընկերությունը մարել էր 18 բորտ-ուղեկցորդուհիների պարտքերը, և պարտքերի մարման գործընթացը շարունակվել է նաև օգոստոս ամսին:

Հարցազրույցներից մեկում «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել էր, որ օդաչուների և բորտ-ուղեկցորդուհիներին «Արմավիա»-ի պարտքերը կազմում են 500 հազար դոլարին համարժեք դրամ:

Ավիաընկերությունը հայտարարել էր, որ «Արմավիա»-ի լուծարման գործընթացը կասեցված է, և ընկերությունն աստիճանաբար մարում է աշխատակիցների պարտքերը: «Արմավիա»-ն ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։ «Արմավիա»-ն մինչ հիմա շարունակում է չկայացած չվերթների դիմաց տոմսերի փոխհատուցման գործընթացը: Ավելի ուշ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է գույքն ու ինքնաթիռները՝ կուտակված պարտքերը մարելու համար: