2013թ-ի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է 1506 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 170 մարդ, իսկ մարմնական վնասվածք ստացել 2145 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
«Գրանցված ՃՏՊ-ներից մանկականների թիվը կազմում է 169-ը, որից հետևանքով մահացել է 11 մարդ, իսկ մարմնական վնասվածքներ ստացել՝ 190-ը: Ունենք մանկական ՃՏՊ-ների աճ, ինչը մտահոգիչ է բոլորիս համար: Գրանցվել է նաև մանկական վրաերթերի աճ, առաջիկա ամսվա ընթացքում պետք է անենք ամեն ինչ մանկական վրաերթերից փուսափելու համար»,-ասաց նա։
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ամռան ամիսներին գրանցվել է մանկական վրաերթերի 92 դեպք, որի հետևանքով 4 երեխա է զոհվել, իսկ 93-ը մարմնական վնասվածքներ են ստացել:
«Սա խնդիր է, որի շուրջ պետք է բոլորս աշխատանք տանենք, ոչ մեկի երեխան ապահովված չէ, բերեք մենք բոլորս աշխատանք տանենք ոչ միայն միամսյակի ընթացքում այլ միշտ, սա նաև ծնողների խնդիրն է»,- հավելեց նա։