Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի համոզմամբ՝ այս երկու տարիների ընթացքում «Ծածկած շուկայի» հետ կապված իրենց բողոքներն ընդամենը գնացել, դեմ են առել «սեփականատեր» կոչված պատին ու հետ են եկել:
«Ես ափսոսում եմ, որ մենք պետականություն չունենք, շատ եմ ափսոսում, քանի որ այս բոլոր երևույթները դրա հետևանքն են: Շինարարը տվյալ պարագայում հանդես է գալիս չունենալով ոչ մի հիմք, հանդես է գալիս և՛ որպես պետական մարմին, և՛ ճարտարապետ, և՛ որպես շինարարության վերահսկող ու դատախազ, բոլոր ֆունկցիաները պետականության նա վերցրել է իր ձեռքը»,- նշեց Սաշուր Քալաշյանը:
Հիշեցնենք, որ Ծածկած շուկայի տեղում նախատեսվում է բացել «Երևան սիթի» սուպերմարկետ։ Նախօրեին համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ սուպերմարկետում բավական աշխատանքներ են կատարված, և ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ այն նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին։
Ճարտարապետը մտածում է, որ խնդիրը կլուծվի, եթե հանրությունը համախմբվի: Սակայն հայկական իրականության մեջ առավել ընդունված է քանդելը, քան սարքելը: Այն, որ «Ծածկած շուկայի» սեփականատերը ոչ թե քանդում է, այլ վերակառուցում՝ Սաշուր Քալաշյանի համար համազոր է քանդման, քանզի աղավաղվում է հուշարձանի թե՛ արտաքին, թե՛ ներքին ճարտարապետությունը:
«Մերոնք չեն սիրում սարքել: Մեր սեփականատերերը գերադասում են քանդել։ Վերցնենք թեկուզ Երիտասարդական պալատի օրինակը: Կանգուն շենք էր, ո՛չ վթարային էր, ո՛չ փլուզված էր, մնում էր իրան օգտագործել, բայց սեփականատերը որոշեց, որ ավելի լավ կլինի քանդի: Չեն հասկանում, որ դրանով մեր պատմությունն են քանդում, քաղաքի դիմագիծն են աղավաղում»,- ասաց նա:
Ճարտարապետը չգիտի, ով է ղեկավարում «Ծածկած շուկայի» վերականգնողական աշխատանքները: «Ես կարծում եմ, որ հենց սեփականատերն էլ ղեկավարում է։ Ես կադրեր եմ տեսել, թե ինչպես էր նա երդիկին կանգնած հրահանգներ տալիս, թե որտեղ ինչ անել, արմատուրան որտեղ կապել, բետոնը որտեղ լցնել, հատակը ինչ անել: Ես կարծում եմ՝ հեղինակը հենց ինքն է «сам себе режиссер» տարբերակով»: