Հայ ժողովրդի արժանավոր զավակ Ահարոն Ադիբեկյանը, ցավոք, մնում է չգնահատված: Չգիտես ինչու՝ նրան կենդանության օրոք արձաններ չեն կանգնեցնում, փողոցներ չեն անվանակոչում իր անունով, նրա անունով չի կոչվում մոլորակի աստղերից որևէ մեկը: Եվ այսպես, ազգային հերոսի պոտենցիալ թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ազատամարտիկների բողոքի ակցիային՝ հեգնել է. «Ես էլ եմ վատ ապրում, ես էլ գնամ հրապարակում նստեմ, ասեմ ինձ կերակրե՞ք, ես էս երկրին ավելի քիչ օգուտ եմ բերել, քան ազատամարտի՞կը»: Հարցին՝ «Դուք ավելի՞ շատ բան եք արել մեր երկրի համար, քան ազատամարտիկնե՞րը»՝ Ահարոն Ադիբեկյանը հարցին հարցով է պատասխանել. «Դու գիտե՞ս ես ինչ եմ, ինչ եմ արել էսքան ժամանակ: Իհարկե, ես ավելի շատ բան եմ արել, քան ազատամարտիկները: Պարտադիր է զենքս ձե՞ռքս վերցնեմ»:

 


Իհարկե, նա ավելի շատ բան է արել, քան ազատամարտիկները: Երբևէ չեմ լսել, որ ազատամարտիկները վարկաբեկեն սոցիոլագիան, հայտնի չէ գոնե մի փաստ, որ ազատամարտիկները, պատվիրված թվեր հրապարակելով, սղոցեն հասարակության նյարդերը, ազատամարտիկները մի քյաբաբով ու բոլ-բոլ սոխով չեն գովերգել իշխանություններին, ի վերջո, ազատամարտիկները ժողովրդի նողկանքին չեն արժանացել: Ես նշեցի առնվազն չորս ծառայություն, որ ազատամարտիկները չեն մատուցել երկրին, բայց փառապանծ Ահարոնը մատուցել է: Ժամանակն է, որ այս մարդու անունը հավերժացվի՝ գոնե որևէ մեդալով պարգևատրելու տեսքով: Օրինակ՝ սոցիոլոգիական գիտության առանձնակի դաժանությամբ բռնաբարման միջոցով երկրին մատուցած ծառայությունների համար:

 

Վարուժան Բաբաջանյան