Ռուսական կայսրությունը նման է տապալված ցուլի, որի վրա «դանակավորները շատացել են»: Մոսկվան ստիպված է աշխատել միանգամից մի քանի տասնյակ ճակատով: Եւ օրեցօր խնդիրներն ավելանում են՝ երբ հյուսվածքը մաշված է, չես հասցնում կարկատել: Գրում է Lragir.am-ը:

 

Արեւմտյան մամուլում պարբերաբար հոդվածներ են հայտնվում, որոնցում մեկ հռչակվում է Ռուսաստանի վերջը, մեկ նշվում, թե «մահվան մասին խոսակցությունները ժամանակավրեպ են»: Սակայն դրանք նույն գործընթացի երկու ծայրահեղությունն են՝ ռուսական կայսրությունն իսկապես փլուզվում է, սակայն Ռուսաստանը ստանում է ամրապնդվելու եւ հզոր պետություն դառնալու հնարավորություն:

 

Պուտինյան Ռուսաստանն ինքզինքը պատկերացնում է բացառապես կայսերական տարածությունում, սակայն դրա համար չեն բավարարում ոչ ուժը, ոչ փողը, ոչ էլ գաղափարախոսությունը: Ազատական եւ այլ ուժերը վաղուց կոչ են անում հրաժարվել կայսերական հավակնություններից եւ ստեղծել ուժեղ ու հարմարավետ պետություն Ռուսաստանի ներկայիս սահմաններում:

 

Ուկրաինայի ամենա«պրոռուսական» նախագահը՝ Յանուկովիչը, այսօր հայտարարել է, որ ոչինչ չի կարող խանգարել Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի եվրոպական ընտրությունն ամրագրված է Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերի մասին օրենքով եւ ենթակա չէ կասկածի:

 

Մինսկի բանտում արդեն մեկ շաբաթ նստած է Ուրալկալիում ընկերության տնօրենը, ով նույնպես դարձել է Ռուսաստանի կայսերական հավակնությունների զոհը: Ի պատասխան ձերբակալության, Ռուսաստանը կրճատել է նավթի մատակարարումը Բելառուս եւ արգելել այդ երկրից խոզի մսի ներմուծումը: Դրանից հետո Բուլղարիայում Բելառուսի դեսպանը խոսել է այդ երկրի ԱԳ նախարարի հետ Արեւելյան գործընկերության վերաբերյալ բանակցությունը վերսկսելու հարցով:

 

Ռուսաստանը փորձում է կայսերական հավակնություններն իրականացնել գոնե «չճանաչված» պետություններում, օրինակ՝ կառուցում է Սուվորովյան ուսումնարաններ, հող նախապատրաստելով ճանաչման եւ ռազմական ներկայության համար: Սակայն այս գաղափարն էլ, երեւում է, չի ընկալվում, համենայնդեպս Հայաստանում:
Կայսերական հավակնությունները չար կատակ են խաղացել նաեւ Թուրքիայի հետ, որը նույնպես հայտնվել է փլուզման եզրին: Թուրքական Ջումհուրիյեթ թերթը կանխատեսել է Էրդողանի քաղաքականության վերջը, գրելով, թե նեոօսմանյան հավակնությունների պատճառով երկիրը հայտնվել է մասնատման առջեւ:
Ներկայիս Ռուսական կայսրությունն ու Թուրքիան կառուցված են նույն սկզբունքներով, եւ պատահական չէ, որ նրանք եւ նախկինում, եւ ներկայում օգնում են միմյանց գոյատեւել: Հաճախ դա տեղի է ունեցել հայերի հաշվին, որոնց Ռուսաստանը վախեցրել է Թուրքիայով եւ առել իր «հովանու տակ»: Իսկ Թուրքիան էլ բարկացած տեսք է ընդունել, որ հայերը չկասկածեն:

 

Ներկայում այս երկու կայսրությունները հայտնվել են վտանգավոր սահմանագծին, որը սակայն կարող է նաեւ լավ ցատկահարթակ դառնալ: Պատահական չէ, որ համաշխարհային մամուլում ««ում հերթն է Սիրիայից հետո» հարցին ավելի շատ նշվում են Թուրքիան ու Ռուսաստանը, քան Իրանը:

 

Հայաստանը, որը ներկայում կիսված է Ռուսաստանի կայսրության ու Թուրքիայի միջեւ, պետք է պատրաստվի նոր Ռուսաստանի ու նոր Թուրքիայի հետ իրավահավասար հարաբերություններ հաստատելուն, քանի որ ներկայիս կայսրությունների փլուզումը մոտ է: Իսկ մինչ այդ, պետք է պատրաստ լինել հայերի հաշվին այս երկուսի «փոխօգնության» հերթական հնարավոր ակտին: - 

Նաիրա Հայրումյան