Վարուժան Ավետիսյանը Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ որպես ոստիկան ներկայացած անձինք ահաբեկել են քաղաքացուն, սպառնացել ջարդել նրա տան դուռը և ներս մտնել, եթե վերջինս տանից դուրս չգա:
Երբ քաղաքացին հրաժարվել է տանից դուրս գալ, անձինք տան շրջակայքից հեռացել են: Ավելի ուշ, երբ վերջինս մտածել է, որ նրանք արդեն գնացել են, տանից դուրս է եկել՝ հողամասի դարպասը փակելու, և ենթարկվել է հարձակման:
«Շտապ տարածել. ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ' ԱՐՏՈՆԱԳԻՐ 1339: Քիչ առաջ իմ ընկերը' Հրաչիկ Միրզոյանը, որն այս պահին գտնվում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, հեռախոսով հայտնեց, որ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում Արտանիշ գյուղի իր տան դուռը ուժեղ ծեծել են քաղաքացիական հագուստով 7-8 հոգի և ներկայացել որպես ոստիկաններ: Նրանք Հրաչից պահանջել են դուռը բացել և դուրս գալ: Հրաչն ասել է, որ չի հավատում, որ իրենք ոստիկաններ են և պահանջել է, որ նրանք հեռանան: Նրանք հեռացել են տան մոտից, իսկ Հրաչը, մտածելով, թե նրանք թողել-գնացել են, դուրս է եկել հողամասի դարպասը փակելու, որտեղ այդ մարդիկ հարձակվել են նրա վրա և գետին են տապալել նրան, ջարդել են ակնոցները և վնասվածքներ պատճառել: Մինչ այդ Հրաչը տեղի ոստիկանություն է զանգել և օգնություն խնդրել: Նրանք Հրաչին որևէ պահանջ չեն ներկայացրել և իրենք էլ չեն ներկայացել, սակայն սկսել են ճնշում գործադրել նրա վրա, որ տան դուռը բացի: Այդ ընթացքում ժամանել է տեղի ոստիկանության կարգախումբը' փ/գ-տ Մխիթարյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակ անց տեղի ոստիկանները միացել են այդ մարդկանց և մինչ այս պահը Հրաչի բակում են ու փորձում են դուռը ջարդելով ներս մտնել:
Քանի որ Հրաչը անակնկալ հարձակումից և քաշքշոցից սթրես է տարել և իրեն շատ վատ է զգացել, հարևանները զանգել են շտապ օգնություն: Այժմ Հրաչը հարևանի տանն է և վախենում է դուրս գալ: Հրաչի տանը ներկա պահին կին և մանկահասակ երեխա կա, որոնք շատ վախեցած են: Որպես ոստիկան ներկայացող անձինք նրանց ահաբեկում են և սպառնում են դուռը ջարդելով ներս մտնել: Այդ կնոջ բոլոր պահանջները, որ իրենք անօրինական քայլեր են կատարում, անտեսվում են: Ես իմ հեռախոսահամարը տվեցի, որպեսզի այդ մարդիկ զանգեն ինձ և որպես փաստաբան կարողանամ պարզել իրավիճակը, սակայն նրանք ինձ չեն զանգում: Պաշտոնապես զգուշացնում եմ, որ Հրաչ Միրզոյանի կամ նրա տանը գտնվող անձանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև նրանց իրավունքներին ներկա պահին վտանգ է սպառնում: Ըստ Հրաչի տպավորության' նրանց մի մասը գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ»:
Ավելի ուշ Վարուժանն իր ֆեյսբուքյան էջով ներկայացրել է կատարվածի մանրամասները և Ոստիկանության արձագանքը.
«Արտանիշում անհասկանալի առաքելությամբ գտնվող և որպես ոստիկաններ ներկայացող անձինք այնտեղ են ժամանել ժիգուլի մակնիշի երկու մեքենաներով' սպիտակ և բեժ գույների: Սպիտակ ավտոմեքենայի համարն է 23 ՍԼ 322, իսկ բեժ գույնի մեքենան առանց համարանիշների է: Հիմա սրանք ովքեր են, չես հասկանում, ծովահեն են, ինչ են ...»:
«Ոստիկանությունը թյուրիմացության մեջ է գցել ՄԻՊ-ին, ասելով, թե այդ տանը մի անձնավորություն կա, որին բերման ենթարկելու որոշում ունեն իրենք: Մինչդեռ երբ տան տերը պահանջել է այդ փաստաթուղթը, նրանք չեն կարողացել ցույց տալ, որովհետև չեն ունեցել: Հետո ասել են, թե գնալու են բերեն: այս պահին նրանք նաև ՄԻՊ-ի ջանքերով դուրս են եկել բակից և դարան են մտել ցանկապատի տակ»:
Ավելի ուշ Վարուժանը տեղեկացրել է նաև, որ ըստ իր ունեցած տվյալների՝ Արտանիշում գտնվող կարծեցյալ վկային բերման ենթարկելու նպատակով այնտեղ է մեկնել ոստիկանության վարչության պետը: