ԱՄՆ-ի կառավարության հետ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում «Microsoft»-ի, «Facebook»-ի, և «Google»-ի, բանակցությունները՝ կապված ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մանրամասների բացահայտման հետ, ավարտվել են անարդյունք: Ինչպես հաղորդել է ուրբաթ օրը «Լոս-Անջելես թայմսը», այժմ համակարգչային հսկաները պետք է դատարանում պաշտպանեն հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվությունը հրապարակելու իրենց իրավունքը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Հուլիսին կորպորացիաները հայց էին ներկայացրել ամերիկյան կառավարության դեմ, հղում անելով ԱՄՆ-ի սահմանադրության առաջի փոփոխությանը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը: Դրա հետ միասին, կողմերը սկսել էին իրենց հավակնությունները կարգավորելու ուղղությամբ բանակցություններ՝ մտադիր լինելով գործը չհասցնել մինչև դատարան: Սակայն ուրբաթ օրը «Microsoft»-ի գլխավոր իրավաբան Բրեդ Սմիթը հայտնել է, որ երկխոսությունն ավարտվել է անարդյունք:
«Բանակցությունների խափանման պատճառով մենք պարզաբանումները կշարունակենք դատարանում»,- հայտարարել է Սմիթը: Իր հերթին նրա գործընկերը «Facebook»-ից՝ Քոլին Ստրեչը, նշել է, որ սոցիալական ցանցը «խորապես հիասթափված է այն բանից, որ չնայած շատ ամիսների ընթացքում տեղի ունեցած բանակցություններին, կառավարությունն այդպես էլ չի թույլատրել հրապարակել տեղեկատվություն հետախուզության վերաբերյալ»:
Աղմուկ կապված էլեկտրոնային հսկողության հետ
Հիշեցնենք, որ Հունիսին «Վաշնգթոն փոստ» և «Գարդիան» թերթերը, ստանալով հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի գաղտնի փաստաթղթերը, հայտնել են, որ էլեկտրոնային հետախուզությամբ զբաղվող ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը և Հետախուզությունների դաշնային բյուրոն արդեն մի քանի տարի է, որ ուղիղ մուտք ունեն դեպի Սիլիկոնային հովտի խոշորագույն ընկերությունների սերվերներ: ԶԼՄ-ների նյութերում նշվում էր, որ գերգաղտնի «PRISM» ծրագրերով հատուկ ծառայությունները հավաքում են ձայնա և տեսագրություններ, լուսանկարներ, էլեկտրոնային գրագրություններ, փաստաթղթեր և օգտատերերի այս կամ այն սայթին միանալու տվյալներ, որը հնարավորություն է ընձեռում հետևել մարդկանց տեղափոխություններին և հաղորդակցումներին:
Հայտնվելով հասարակական քննադատության ներքո, ԱՄՆ-ի տեխնոլոգիական ընկերությունները հանդես եկան հատուկ ծառայությունների իրենց ուղղված հարցերի վիճակագրությունը պարբերաբար հրապարակելու նախաձեռնությամբ: Սակայն նրանք այդ հարցում հանդիպեցին անվտանգության ոլորտում կառավարության գործող գաղտնի կանոնակարգերին:
Միաժամանակ ԶԼՄ-ները հայտնեցին, որ «Microsoft»-ն ինքն է հատուկ ծառայությունների համար բացել մուտքը դեպի կոդավորման համակարգեր: