ԳԱԼԱ. Եթե այստեղ մեկ ամսում կարողանան շինարարությունը ավարտին հասցնել և մինչև սեպտեմբերի վերջ շահագործման հանձնել, այնպես, ինչպես խոստացել էին, ես խոստանում եմ՝ փոխում եմ իմ անունը և դնում եմ Սերժ Սարգսյան: Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում մոնիթորինգ-ստուգայցի ժամանակ հայտարարեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի լրագրողները, քաղաքացիական ակտիվիստներն ու իրավաբանները որոշել են ստուգայց կազմակերպել և այցելել են Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասեր, այն տարածքներ, որտեղ ըստ ժամանակացույցի՝ ամենաուշը 2013 թ-ի սեպտեմբերին ավարտելու և բնակիչներին էին հանձնելու 420 բնակարան՝ երկրաշարժից տուժած և 25 տարի հերթացուցակներում սպասող անօթևան ընտանիքների համար:
Այս խոստումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն էր: 2013 թ-ի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ շահագործման հանձնվեց Գյումրու Մուշ 2/2 թաղամասը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև հիշյալ տարածքներ, որտեղ, ըստ պաշտոնական խոստման, մինչև սեպտեմբեր կառուցվելու էին նորակառույց շուրջ 12 շենքեր:
«Իշխանությունը խոստացել էր սեպտեմբերին, իսկ մենք ենթադրում ենք՝ սեպտեմբերի 30-ին կամ թեկուզ 31-ին, գոնե 32-ին հանձնվեին այս շենքերը: Ուրեմն ամսի 32-ին հանդիպում ենք այստեղ բացման արարողությանը:
Բոլորը ազնվորեն լռում են, այնինչ մեր ստուգայցի մասին բաց հրավեր ենք ուղարկել նաև քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներին: Խոստացել էին, որ 3000 բնակարան են կառուցելու, և 1756 կառուցվեցին բազմաթիվ թերություններով, ձմռան կեսին սվաղ անելով և մետաղե ամանների մեջ կրակ վառելով, որ դեկտեմբերի կեսերին սվաղը չորանա... էս տարվա համար 420 բնակարան ասվել և խոսվել էր, որ մինչև սեպտեմբերի վերջ կհանձնեն: Ես երեկ չէ առաջին օրը մարզպետարանից մեկի խոսքերը լսեցի, որ ասաց կանենք: Հա, կարող է անեն, բայց այդ ընթացքում մարդիկ մեռնում են, արտագաղթում են, հազար ու մի բան է պատահում... բայց իշխանություն ես, խոստանում ես, պարտավոր ես, չես կարողանում, հազար ու մի ձև կա պատասխանատվության՝ հրաժարական է կոչվում, Կիևյանի կամուրջ կա, տարբեր բաներ կան, թող անեն, որ հասկանանք՝ պատասխանատվության զգացում ունեն»:
Հիշեցնենք, որ մինչև 2013 թ-ի վերջը անօթևանության խնդրի լուծումը անձամբ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթն էր, որը, փաստորեն, մնում է անկատար: Այս առիթով Լևոն Բարսեղյանն ասաց.
«Կարող է մարդը ներս է գցել, դիլխոր է և չի կարողանում մարսել, որ Շիրակում իրեն կարմիր քարտ են ցույց տվել... չեմ կարծում, որ խնդիրը փողն է, զուգարանի վրա 170 հազար դոլար ծախսող իշխանության համար հարց չպիտի լիներ 420 բնակարանը: Բայց թե մարդը ներս է գցել երևի:
Վարկային միջոցներով վերցված 500 մլն-ից հատկացրել բնակարանաշինություն են իրականացրել: Այ մարդ, լավ եք արել, արեք վերջացրեք, իսկ եթե չես կարող կառավարել, ախպե՛ր, ել գնա տուն, մի հատ շինարարի կբերենք, կնստի ու կսկսի կառավարել...»,- ասաց Լ. Բարսեղյանը:
Իսկ լրագրողներից մեկի այն նկատառմանը, թե փաստորեն իշխանությունները խոստացել ու չեն արել, արդյո՞ք խոստումը այդպես էլ անկատար կմնա, Լ. Բարսեղյանը ասաց. «Եթե մեկ ամսում ինքը կատարում է իրա խոստումը, ես իմ անունը փոխում, դնում եմ Սերժ Սարգսյան, եթե մի ամսում 420 բնակարան են կառուցում ու հանձնում:
Իսկ անօթևանները ինչպես միշտ յոլա են գնում, հարմարվում են, տոմսի փողի են սպասում, «Գրին քարտի» են սպասում ու մեկ էլ քրֆում են»:
http://www.galatv.am/news/view/levon-barsexyan_3108.html