Փակ շուկայի թեման, անշուշտ, մեր լրատվամիջոցները պատշաճ լուսաբանում են, սակայն, որքան էլ կառույցի ճարտարապետական տեսքի պահպանման կողմնակիցները արժանացել են մամուլի համակրանքին, այս լուսաբանման գործընթացում կա մի մեծ, շատ մեծ բացթողում՝ իրադարձությունները բացարձակապես միակողմանի են լուսաբանվում: Ընտրվել է պայքարի բոլորովին սխալ թիրախ, որովհետև Սամվել Ալեքսանյանի գործունեությունը պետության ներսում առկա արատների հետևանքն է, ոչ թե պատճառը: Իսկ մենք, պատճառը թողած, պայքարում ենք հետևանքի դեմ:

 

Մի կողմ թողնելով նրա գործունեության մյուս ոլորտները, հնարավոր մեկնաբանությունները՝ Ալեքսանյանի գործունեության մութ ու լույս ծալքերի մասին, անդրադառնանք Փակ շուկայի խնդրում նրա մեղավորության աստիճանին: Սկսենք նրանից, որ Ալեքսանյանը գործարար է և բոլորովին պարտադիր չէ, որ հասկանա շենքի ճարտարապետական արժեքը: Նա ձեռնարկատեր է, որը պետք է ամեն գնով փող աշխատի: Պետությունը պարտականությունն է՝ սահմանել ֆիլտրեր, որոնք զսպում են գործարարների ախորժակը: Պետությունը չպետք է վաճառի իր կոթողները՝ բիզնեսին ծառայեցնելու համար: Հարգելի ակտիվիստներ, արդյո՞ք պայքարի սխալ թիրախ չեք ընտրել: Դուք, պետության և նրա գործիքների սխալ գործունեությունը քննադատելու փոխարեն, գնացել՝ գործարարի դեմ եք պայքարում: Նա էլ, իր խելքը հասածի չափ, ձեր դեմ է պայքարում՝ կանանց հրետանի է ուղարկում, որ ծղրտալով ձեր բողոքի ձայնը խլացնեն:

 

Ժամանակին շենքը գնել է Գագիկ Ծառուկյանը: Նրանից գնել կամ նվեր է ստացել Սամվել Ալեքսանյանը՝ էական չէ: Պետությունը վաճառելիս պարտավոր է ներկայացնել հստակ պահանջներ՝ շենքի օգտագործման և սպասարկման համար, որ տեսքը, հասարակական նշանակությունը և այլ ատրիբուտներ չպետք է փոխվեն: Եթե այդ պահանջները չկան՝ գործարարներըը, ցանկացած դեպքում, սկսած ամենահայրենասերից վերջացրած ամենադավաճանով, վարվելու են այնպես, ինչպես իրենց կամքն է թելադրում:
Եվրոպայում, օրինակ, հարյուրավոր ազգային արժեքներ ծառայում են որպես խանութ, հյուրանոց, ռեստորան և այլն: Պարզապես պետությունը շենքը շահագործողի առաջ բազմաթիվ պայմաններ է դրել, ստացել է երաշխիքներ, որ դրանք չեն խախտվելու, այնուհետև կնքել է գործարքը:

Հիշեք Երիտասարդական պալատի դեպքը: Քաղաքի սիմվոլներից մեկը վաճառվեց՝ առանց երաշխիքների: Գնորդը այն հիմնահատակ ավերեց՝ թողնելով միայն սերունդների նոստալգիկ հիշողությունը: Ինչու մենք պետությունից պատասխան չենք պահանջում այդ խայտառակության համար՝ ի՞նչ երաշխիքով վաճառվեց այդ շենքը, ինչպիսի՞ն է լինելու նրա հետագա ճակատագիրը և այլն:


Թիրախը սխալ է ընտրված: Տասնյակ պետական ատյաններ, որոնք պարտավոր էին թույլ չտալ բացթողումը՝ անպատիժ են մնում, իսկ գործարարը, անկախ իր մեղավորության աստիճանից, հայտնվում է թիրախում:
Քաղաքացիական շարժումները հետաքրքիր բնավորություն են ձեռք բերել: Իսկական մեղավորներին դարձի բերելու կամ պատժելու փոխարեն՝ բռնում են միջանկյալ մեղավորների կոկորդներից: Իսկ դա, անշուշտ, նվազեցնում է քաղաքացիական անհնազանդության օգտակար գործողության գործակիցը:

 

Վարուժան Բաբաջանյան