www.lragir.am Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Պուտինի հետ, ով այդպես էլ չժամանեց Երեւան: Թերեւս այն պատճառով, որ զգում էր՝ Երեւանում արդեն իրեն չէին ընդունի այնպես, ինչպես ընդունում էին կայսրության ղեկավարներին:
Պուտինը վերջին անգամ Երեւան է ժամանել 2005-ին, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը: Այդ ժամանակից ի վեր Երեւանում շատ բան է փոխվել, եւ ոչ միայն Ռուսաստանի վերաբերյալ: Օրինակ, այս տարվա մայիսին առաջին անգամ Հայաստան էր ժամանել բրիտանական արքայական տան ներկայացուցիչը՝ արքայազն Չարլզը, որին դիմավորեցին բողոքի ակցիայով: Պուտինի այցը թերեւս նույնպես դրանից զերծ չէր մնա: Հնարավոր է, նույնիսկ Femen-ը ժամաներ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Մոսկվա է տանում քաղաքակիրթ ապահարզանի փաստաթղթերը: Ընդ որում, ոչ թե Ռուսաստանի, որի հետ Հայաստանին կապում են հազարավոր թելեր, այլ կայսրության հետ, որը Պուտինը փորձում է պահպանել: Իսկ ապահարզանի համար ենթադրվում է գույքագրում եւ ունեցվածքի բաժանում:
Մի քանի օր առաջ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ Ռուսաստանը փող է հատկացնելու գազի գնի սուբսիդավորման համար: Դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանին հանձնել Հայռուսգազարդի վերջին 20 տոկոսը, եւ ներկայում Մոսկվան միանձնյա է որոշելու սպառողներին վաճառվող գազի գինը, եթե մենք նույնիսկ սկսենք գազը ստանալ Իրանից:
Է՞լ ինչ ընդհանուր բան ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: Անվտանգության ոլորտը, որը Հայաստանը դեռ չի պատրաստվում «բաժանել»: Բայց կա նաեւ Ղարաբաղը, որի վրա Ռուսաստանն «աչք ունի»: Այսօր ԼՂՀ-ն նշում է անկախության օրը, եւ չի բացառվում, որ Մոսկվայում Հայաստանին կառաջարկեն կայսրությունից չհրաժարվելու դիմաց ԼՂՀ ճանաչման տարբերակը:
Մոսկվա կատարած այցից հետո Ուկրաինայի վարչապետ Ազարովն ասել է, որ Մոսկվայում իրեն «նվաստացուցիչ տնտեսական առաջարկ» են արել: Չի բացառվում, որ այցից հետո Սերժ Սարգսյանը նույնպես հայտարարի Ղարաբաղի վերաբերյալ «նվաստացուցիչ առաջարկի» մասին: Քանի որ այս պահին Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումն ամենաքիչն է պետք Հայաստանին: Եւ Ռուսաստանից Հայաստանը «բաժանվելու» է Ղարաբաղի հետ միասին:
Նաիրա Հայրումյան