www.lragir.am Երևանի կենտրոնն առաջիկայում կառուցապատման նոր փուլում է հայտնվելու: Աշխատանքները կատարվելու են կառավարության՝ նախորդ հինգշաբթի ընդունված որոշումներից մեկով, ըստ որի՝ Երևանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բյուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ նոր գերակա հանրային շահ ճանաչվեց:

 

Կառավարությունն իր որոշումն այսպես է մեկնաբանում՝ տարածքը ներկայում կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի նկատմամբ նոր բացառիկ' գերակա հանրային շահ սահմանելը, ըստ կառավարության, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը:

 

Գլխավոր պողոտայի' Բյուզանդ, Կողբացու, Արամի փողոցներով պարփակված տարածքում այս որոշմամբ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են լինելու: Սա այն նախագիծն է, որի մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոսում էին դեռևս 2003-2004 թվականներին, երբ Երևանում սկսվեց իրացման գործընթացը: Սակայն անցած տարիներին կենտրոնում գտնվող հուշարձանների մի մասը ոչնչացվեց, իսկ «Հին Երևան» միջավայրն այդպես էլ չստեղծվեց:

 

Երևաննախագիծ ինստիտուտի նախկին տնօրեն Գուրգեն Մուշեղյանը ուշացած է համարում «Հին Երևան»-ի ստեղծումը: Այդ վայրում նման կառուցապատումն իրականացնելն, ըստ ճարտարապետի, ճիշտ չէ: «Ըստ նախագծի՝ դա դառնում է մի փակ թաղամաս, որը բոլորովին ներդաշնակ չէ տարածքի այսօրվա կառուցապատման և բարձրահարկ շենքերի հետ: Փողոցները նեղ են շատ, գերհագեցված վիճակ է ստացվում այնտեղ: Այն ժամանակ, երբ մենք այդպիսի մտադրություն ունեինք, մենք ասում էինք՝ որը հուշարձան է և իրենից արժեք է ներկայացնում, պետք է թողնել կանաչի մեջ, իսկ շենքերը մնան որպես հին Երևանի մնացորդներ և ծառայեն ոչ թե որպես բնակելի շենքեր, այլ դրանց նշանակությունը փոխվեր»,- նշեց Գուրգեն Մուշեղյանը:

 

Կառավարության վերոնշյալ որոշմամբ դարձյալ կենտրոնում տարածքներ են տրվելու մասնավոր շինարարական ընկերություններին, որոնք, ըստ կառավարության որոշման, պետք է կառուցապատում իրականացնեն:
Մասնավորապես, խոսքը «Գլենդել Հիլզ», «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունների մասին է: Նախորդ տարիներին Երևանի կենտրոնում կառուցապատող տարբեր ընկերություններ գերակա հանրային շահ ծրագրի մի մասը փաստացի ձախողեցին՝ չկարողանալով ավարտին հասցնել սկսած շինարարությունը: Մասնավորապես, նույն Գլենդել Հիլզ ընկերությունը արդեն 5 տարի է՝ ավերակների է վերածել Երևանի 33-րդ թաղամասը (ֆիրդուս) և չի կարողանում կամ չի ցանկանում տարածքի բնակիչների համար նախատեսված երկու շենքերի շինաշխատանքներն սկսել: Բոլորովին վերջերս էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թաղամաս այցելելով, բնակիչներին իրազեկեց, որ «Գլենդել Հիլզը» ֆինանսական ծանր խնդիրների առաջ է կանգնել: Ձախողվել են նաև Բյուզանդի փողոցի, Կոնդ թաղամասի բնակիչների համար այդ թաղամասերում նախատեսված շինարարական ծրագրերը:

 

Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ Երևանի կենտրոնում կան վայրեր, որ պետք է մաքրվեն, միջամտություն պետք է ցուցաբերվի: «Բայց, ցավոք սրտի, ոչ թե այդ քաղաքականությունն է, այլ յուրաքանչյուր տեղ, եթե մաքրվում է, այդտեղից գերակա շահ ստանալու խնդիր է դրվում: Այդ դեպքում չի կատարվում քաղաքաշինական այն միջամտությունը, որը բխում է քաղաքաշինական շահից»,- նշեց ճարտարապետը: 


Ռոզա Հովհաննիսյան