«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի կարծիքով՝ ժամանակն է, որպեսզի կառավարությունը հրաժարվի համագործակցել «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի հետ: «Պետք էր հաշվի առնել այն բազմաթիվ թերություները, որ թույլ տվեց «Գլենդել հիլզը» Գյումրիում իրականացվող բնակարանաշինության երկու ծրագրի ընթացքում և դադարեցնել նրա հետ հետագա համագործակցությունը»,- նկատեց Վահան Թումասյանը: Գրում է Tert.am-ը:
Նա համոզված է, որ 420 անօթևանի համար նախատեսված շինարարությունն ի վերջո կսկսվի: Նրան առավել անհանգստացնում են Քաղաքաշինության նախարարության լռությունը և «Գլենդել հիլզից» ստացվող անորոշ պատասխանները: «Մեր գրությունները նախարարությունը հասցեագրում է «Գլենդել հիլզին»: Պատասխանները, որ ստանում ենք մենք, նաև լրագրողներ, ովքեր գրավոր դիմում են այս կազմակերպությանը՝ այնքան էլ հուսադրող չեն: Ի՞նչ է նշանակում «հստակեցվում են անօթևանների ցուցակները»՝ դրանք վաղուց են հստակեցված»:
Վահան Թումասյանի կարծիքով մեծ խնդիր չէր առաջանա, եթե կառավարությունը 420 բնակարանի կառուցման համար մրցույթ հայտարարեր տեղի շինարարական կազմակերպությունների շրջանում: «Ես կարծում եմ, որ տեղի շինարարը կկառուցեր ավելի որակով,-իր տեսակետը բացատրեց Վահան Թումասյանը,-հնարավոր է, որ շինարարությունն էլի մի փոքր ձգձգվեր, բայց գոնե մարդկանց մոտ վստահությունը կվերականգնվեր շինարարի նկատմամբ»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարի ունեցած տվյալներով, այժմ էլ շինարարության սկիզբ նշվել է այս տարվա սեպտեմբերը, իսկ ավարտը՝ 2014թ. սեպտեմբերը: Վահան Թումասյանին առավել մտահոգում են Ախուրյան համայնքի անօթևանների համար կառուցվող շենքերի ճակատագիրը: «Եթե այդ կիսակառույցներն այս տարի չավարտեն, տանիք չկապեն, ձյան ու անձրևի տակ մնալով հետագայում մեծ խնդիրներ են առաջացնելու թե շինարարի համար, թե բնակչի»,-նկատեց Վահան Թումասյանը:
Մանրամասներն` այստեղ: