Կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի գազի սակագնի փոփոխություն տեղի չունենա՝ կապված փոխարժեքի տատանումների հետ: Այդ մասին Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Միաժամանակ, Հարությունյանը նկատեց, որ սակագնի բարձրացման որոշումը կայացնում է ոչ թե կառավարությունը, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ համապատասխան ընկերության հայտի հիման վրա, իսկ ներկայում նման հայտ չկա:

 

 

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորությանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունը ոչինչ հստակ ասելչի կարող, քանի դեռ չկա հայտ և որոշում, սակայն դրա վրա ազդում են նաև բազմաթիվ գործոններ, որոնցից առաջինը բնական գործոններն են: «Եթե ունենում ենք ջրառատ տարի, ապա, բնականաբար, հաջողվում է արտադրել համեմատաբար էժան էներգիա, և սակագինը պահել ստանդարտ: Եթե լինում է երաշտ, հնարավոր չի լինում էժան էներգիա արտադրել, իսկ սպառումն ավելանում է, ապա պակասուրդը լրացվում է ջերմակայանների արտադրանքով, որն ավելի թ անկ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը:

 

 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ նման տատանումները տարեցտարի վտանգավոր են դառնում, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է բուֆերային ժամանակաշրջան՝ երեք տարի ժամկետով: Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ երկու տարիները եղել են ոչ ջրառատ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ավելացրեց, որ կախված նրանից, թե այս տարին այդ առումով ինչպիսին կլինի, կառավարությունը նոր միայն կկարողանա պատասխանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կանխատեսումների վերաբերյալ հարցին: