Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել են Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները:

 

Հարցերով Ազգային ժողովի նախագահին դիմեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին:

 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դիմել էր Ձեզ, և կարծում եմ` նաև այլ հանձնաժողովների ևս, խորհրդարան հիավիրել Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին, նրանց, ովքեր վարել են բանակցություններ Եվրամիության հետ, նրանց, ովքեր տեղյակ են Մաքսային միության փաթեթին` խորհրդարանին, քաղաքական ուժերին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այժմ հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Վերջինիս ի պատասխան` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք հարցին կանդրադառնանք, բայց պարզ է, որ մեծամասնության հետ քննարկել է Հանրապետության նախագահը, մինչև իր համաձայնությունը տալը»: