«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «բանդայի գործով» ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը։ Այս փաստը, թերևս, այնքան է ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Մամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը։ «ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ. Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմեց, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Սովետաշենի ՔԿՀ-ում են պահում։ Բացի այդ, նա նաև գաղտնազերծեց. «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին։ Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է։ Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են։ Գիտեք՝ քանի ամիս է՝ նա արյուն է միզել»։ Իսկ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայր Սուրիկ Հակոբյանը «ժողովուրդ»-ին ասաց, որ մահացած Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել», - գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: