Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Բանդայի գործով հերթական դատական նիստը' դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի դատապաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի Ամոյանը դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցնի:

Սամվել Հովհաննիսյանի խոսքերով' Քյարամ Ամոյանը տառապում է գանգուղեղային հիվանդությամբ: Պաշտպանը նշեց նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում համապատասխան բուժում Քյարամ Ամոյանը չի ստանում, քանի որ այնտեղ համապատասխան մասնագետներ չկան:

 

Հովհաննիսյանը միջնորդեց դատաբժշկական հանձնաժողովային փորձագետներին ուղղել հետևյալ հարցերը՝ Ամոյանի մոտ առկա հիվանդությունը դասվում է պատիժը խոչընդոտող ծանր հիվանդությունների դասին և նման առողջական վիճակ ունեցող անձը կարող է գտնվել կալանքի տակ, թե' ոչ:

 

Մեղադրող դատախազ Երեմյանը նշեց, որ ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

 

Դատական նիստի ժամանակ Քյարամ Ամոյանը փորձեց դուրս գալ դահլիճից, հայտարարելով, որ չի ցանկանում այլևս ներկա գտնվել դատական նիստերին, քանի որ իր իսկ համոզմամբ' իրենց վերաբերող որևէ բան չկա այնտեղ:

 

«Ինձ հետ կապված որևէ բան չկա: Ես լավ չեմ լինում, ինձ ասում են' գնա դատարանում վատացի: Ես լավ չեմ, ես էլ չեմ ուզում գամ դատի: Պարո´ն Պապոյան, ես մի բան արե՞լ եմ, մեկի տունը մտե՞լ եմ, կամ մեկին վնաս տվե՞լ եմ, որ ինձ երկու տարի տանում, բերում եք: Ես էս մարդկանց ստեղ դատարանում եմ տեսել (ցույց է տալիս գործով մյուս ամբաստանյալներին' խմբ.)»:

 

Դատավոր Պապոյանը պատժամիջոց կիրառեց Ամոյանի նկատմամբ' նախազգուշացման ձևով։

 

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Սամվել Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունը: