Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Այս հարցին պատասխանելու համար, թերևս ամենապարզ տարբերակով, պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Նախ, Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև, դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր:

 

Այնպես որ, այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: Ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ տարբերակը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ:

 

Ըստ տնտեսագետի, ավելի սպասելի են թանկացումները, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը: Տարբեր մասնագետներ արդեն հաշվարկել են, թե Մաքսային միության անդամ երկրների կողմից մաքսային միասնական տարիֆների կիրառումը ինչ հետևանքներ կունենա անդամ երկրների համար: Ըստ այդ հաշվարկների, օրինակ, արտերկրից ներկրվող եվրոպական արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները էապես կբարձրանան: Ըստ Բ. Ասատրյանի հաշվարկի՝ շուրջ 10 տարեկան միջին դասի «Մերսեդես. մակնիշի մարդատար ավտոմեքենայի մաքսազերծման գինը ներկայիս մոտ 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն կկազմի 24 հազար դոլար:

 

Իհարկե, Մաքսային միության շրջանակներում կիրառվող միասնական սակագներին անցման դեպքում 10-25 տոկոսով բարձրանալու են հացահատիկի, շաքարավազի, պարենային մի շարք այլ ապրանքների, տեքստիլի, կաշեգործական իրերի, ոգելից խմիչքների և այլ ապրանքների գները: Այս թվերն, ըստ ԿԲ նախկին նախագահի, իհարկե խոր և համապարփակ վերլուծության կարիք ունեն, սակայն ակնհայտ է, որ արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախ և առաջ կհանգեցնի որոշակի թանկացումների:

 

Գազի գնի իջեցման սպասումներ ունենալը նույնպես իրատեսական չէ: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է՝ ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե իհարկե Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչին Բագրատ Ասատրյանը պատասխանում է մեկ բառով. «Մոռացեք»:

 


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում