ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար Բհիմանտարա Վիդյաջալայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։
Այդ գումարով կկատարվի «Հյուսիս-hարավ»-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի ճանապարհի մոտ 150 կմ հատվածի վերակառուցումը ( 72 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են, 18.25 կմ հատվածի համար նախապատրաստվում է հայտարարել մրցույթ, իսկ մոտ 60 կմ հատվածի մրցույթը կմեկնարկի նախագծային աշխատանքների ավարտից հետո) և Արտաշատից մինչև Քաջարան՝ մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նախնական նախագծումը և ԱԶԲ կողմից իրականացվելիք մոտ 60 կմ հատվածի վերջնական և մանրամասն նախագծումները: Բհիմանտարա Վիդյաջալան տեղեկացրեց, որ այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների որակին:
Նա հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի սահմանված ժամկետում: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 556կմ ճանապարհի համար, որը ընդգրկում է Մեղրիից Աշոցք ճանապարհահատվածը, վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:
«Մեզ համար այսօր շատ կարևոր են այդ ուսումնասիրությունները, քանի որ դրանք ամբողջ ծրագիրը առաջ տանելու գործիք են: Ծրագրի շրջանակներում մեզ հետ աշխատող բոլոր բանկերը պահանջում են նախագծային ամբողջ փաթեթը հետագա աշխատանքները կազմակերպելու համար»,-նշեց նախարարը: Բհիմանտարա Վիդյաջալան ընդգծեց, որ իրենք նույնպես շահագրգիռ են բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու համար: